Մատչելի հղումներ

Տոկիոյի ջրամատակարարման համակարգում ռադիոակտիվ յոդի բարձր մակարդակ է հայտնաբերվել


Տոկիոյի ջրամատակարարման համակարգում ռադիոակտիվ յոդի բարձր մակարդակ է հայտնաբերվել

Տոկիոյի քաղաքագլուխը, քաղաքի ջրամատակարարման համակարգում չորեքշաբթի օրը ռադիոակտիվ յոդի բարձր մակարդակ հայտնաբերելուց հետո, դիմել է քաղաքի բնակիչներին՝ հանգստություն պահպանելու կոչով։

Ճապոնիայի իշխանությունների համաձայն, ճառագայթման հայտնաբերված մակարդակն առողջության համար անմիջական վտանգ չի ներկայացնում, սակայն խորհուրդ չի տվել ծորակից ջուր տալ մինչև մեկ տարեկան երեխաներին։

Այս հայտարարությամբ հանդես գալուց մի քանի ժամ առաջ Ճապոնիայի կառավարությունը ընդլայնել էր «Ֆուկուշիմա» ատոմակայանի շրջակայքում արտադրված կաթի և կանաչեղենի վաճառքի սահմանափակումները։ Միացյալ Նահանգները նույնպես արգելել է տարերային աղետի պատճառով վնասված ատոմակայանի շրջակայքում գտնվող պրեֆեկտուրաներից թարմ մրգի և բանջարեղենի ներմուծումը։

«Ֆուկուշիմա» ատոմակայանում աշխատող անձնակազմը երեկոյան էվակուացվել է՝ ատոմակայանի երրորդ ռեակտորից սև ծխի արտանետում գրանցելուց հետո։ Ատոմակայանի ղեկավարության համաձայն, ծխի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն։

Ատոմակայանի ղեկավարությունը չորեքշաբթի օրվա առավոտյան հայտնել է ատոմակայանի ռեակտորներից ամենամեծ վտանգ ներկայացնող՝ երրորդ ռեակտորի կառավարման վահանակի էլեկտրասնուցումը վերականգնելու մասին, ինչը հնարավոր կդարձնի վերականգնել վառելիքային ձողերի սառեցումն ապահովող ջրի պոմպերի աշխատանքը։ Երրորդ ռեակտորն ամենամեծ վտանգն է ներկայացնում, քանի որ դրանում օգտագործվող վառելիքային ձողերում ուրանի և պլուտոնիումի խառնուրդ է օգտագործվում։

Ճապոնիայի հյուսիսում երկրի իշխանությունները ջանքեր են գործադրում սնունդ և ջուր ապահովել ժամանակավոր կացարաններում բնակվող, տարերային աղետից տուժած մոտ 300 հազար մարդու։

XS
SM
MD
LG