Ճապոնիայի կառավարությունը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի անցյալ ուրբաթ օրը տեղի ունեցած տարերային աղետի պատճառով վնասված ատոմակայանից ռադիոակտիվ արտանետումները դադարեցնելու համար կարող է պահանջվել ԱՄՆ-ի զինված ուժերի օգնությունը։
Կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոյի համաձայն, Միացյալ Նահանգների զինուժի օգնությանը դիմելու տարբերակը քննարկվում է, սակայն վնասված ռեակտորներում գտնվող վառելիքային ձողերի վրա ուղղաթիռներով ջուր լցնելու տարբերակը չափազանց վտանգավոր է։
Նրա համաձայն, «Ֆուկուշիմա» ատոմակայանի երրորդ ռեակտորի պաշտպանիչ թաղանթը կարող է վնասված լինել, դառնալով ատոմակայանից արտանետվող ծխի պատճառ։
Ճապոնիայի իշխանությունները խոստովանել են, որ վնասված ատոմակայանից դեպի մթնոլորտ ռադիոակտիվ նյութերի արտանետումը դադարեցնելու համար իրենք արդեն ստիպված են հուսահատ միջոցների դիմել։
«Tokyo Electric Power» ընկերության խոսնակը հայտնել է, որ նույն ատոմակայանի չորրորդ ռեակտորում գտնվող վառելիքային ձողերում կարող է շղթայական ռեակցիա սկսվել։
«Ֆուկուշիմա» ատոմակայանում ճառագայթման չափազանց վտանգավոր մակարդակի պատճառով ատոմակայանից էվակուացվել են բոլոր աշխատողները։
Երկրում շարունակվող միջուկային ճգնաժամը թույլ չի տալիս իշխանություններին բոլոր ուժերն ուղղել դեպի աննախադեպ տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները։ Աղետի պատճառով զոհվածների և անհետ կորածների հաստատված թիվն այժմ կազմում է 10 000 մարդ, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների համաձայն, հազարավոր մարդիկ էլ դեռևս մնում են փլատակների տակ։