Մատչելի հղումներ

Ճառագայթման բարձր մակարդակ է հայտնաբերվել Ճապոնիայի ևս մի քանի քաղաքներում


Ճառագայթման բարձր մակարդակ է հայտնաբերվել Ճապոնիայի ևս մի քանի քաղաքներում

Ճապոնիայի իշխանությունները հայտնել են Տոկիոյի մոտակայքում գտնվող մի քանի քաղաքների ջրամատակարարման համակարգերում երեխաների համար վտանգավոր ճառագայթման մակարդակներ հայտնաբերելու մասին։ Երկրում ավելանում են մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով վնասված ատոմակայանից ճառագայթման տարածման վերաբերյալ մտահոգությունները։

«Կիոդո» լրատվական գործակալության հաղորդագրությունների համաձայն, վերջին երկու օրվա ընթացքում ռադիոակտիվ յոդի բարձր մակարդակ է հայտնաբերվել ևս երեք պրեֆեկտուրաների ջրամատակարարման համակարգերում։

Տոկիոյի իշխանությունները, քաղաքի ջրամատակարարման համակարգում ճառագայթման մակարդակը նվազելուց հետո հայտնել են, որ ջուրն անվտանգ է փոքր տարիքի երեխաների կողմից սպառման համար։ Չնայած այդ հանգամանքին, քաղաքի բնակիչները չեն հրաժարվում խանութներից և ըմպելիք վաճառող մեքենաներից վաճառքում առկա շշալցված ամբողջ ջուրը գնելուց։

Իշխանությունները սակայն հորդորել են Ճապոնիայի հասարակությանը չպահեստավորել շշալցված ջուրը, քանի որ այն անհրաժեշտ է առանց էլեկտրականության և ջրամատակարարման, ժամանակավոր կացարաններում ապրող, ցունամիից տուժածների համար։

Ճառագայթում է հայտնաբերվել նաև «Ֆուկուշիմա» ատոմակայանից բավականին հեռու գտնվող տարածքներում արտադրված կաթի և բանջարեղենի մեջ։ Միացյալ Նահանգների հետ մեկտեղ, Ճապոնիայում արտադրված սննդամթերքի ներմուծման սահմանափակումներ են մտցրել Ավստրալիան, Կանադան, Ռուսաստանն ու Սինգապուրը։

Ճապոնիայի ոստիկանությունն ուրբաթ օրը հայտնել է, որ երկրում տեղի ունեցած տարերային աղետի պատճառով զոհվածների թիվը գերազանցել է 10 հազարը, իսկ ավելի քան 17 500 մարդ անհետ կորած են համարվում։

XS
SM
MD
LG