Մատչելի հղումներ

«Ֆուկուշիմա» ատոմակայանում ճառագայթման բարձր մակարդակ է գրանցվել


«Ֆուկուշիմա» ատոմակայանում ճառագայթման բարձր մակարդակ է գրանցվել

Ճապոնիայում տարերային աղետի պատճառով վնասված «Ֆուկուշիմա» ատոմակայանում տեղի ունեցած մասնակի հալումը առաջացրել է ատոմակայանից դուրս հայտնաբերված` ճառագայթման չափազանց բարձր մակարդակ ունեցող ջրի կուտակումներ:

Երկրի կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն երկուշաբթի օրը հայտնել է, որ ջանքեր են գործադրվում աղտոտված ջրի դեպի ստորգետնյա ջրային համակարգ ներթափանցումը կանխելու ուղղությամբ: Նա հորդորել է բնակիչներին հեռու մնալ 20-կիլոմետրանոց էվակուացման գոտուց։

Աղտոտված ջուրը արտանետվում է ատոմակայանի վնասված ռեակտորներից մեկից, որտեղ այն շփման մեջ է եղել ռեակտորի միջուկում առկա հալված վառելիքային ձողերի հետ: Այս հանգամանքը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում ատոմակայանի սառեցման վնասված համակարգը վերականգնելու ուղղությամբ աշխատող անձնակազմի համար:

«Ֆուկուշիմա» ատոմակայանը շահագործող «Tokyo Electric Power» ընկերության պաշտոնյաները երկուշաբթի օրը հայտնել են, որ ընկերությունը շարունակում է հետևել ծովի ջրի ճառագայթման մակարդակի փոփոխություններին: Նրանք հայտնել են նաև, որ վերջին զարգացումները առաջ են բերել ստորգետնյա ջրերում ճառագայթման մակարդակը չափելու աշխատանքների ծրագիր մշակելու անհրաժեշտություն:

Ճապոնիայի իշխանությունների մտահոգությունն է առաջացնում նաև այն, որ ատոմակայանից դեպի արևմուտք գտնվող օվկիանոսի հատվածում հայտնաբերված ճառագայթման բարձր մակարդակ պարունակող ջրի զանգվածը շարժվում է դեպի հյուսիս` ափի ուղղությամբ:

Ճապոնիայում մարտի 11-ի երկրաշարժից ու ցունամիից զոհերի թիվը հասել է ավելի քան 10 800-ի: Անհետ կորած է դեռևս համարվում մոտ 16 200 մարդ: Էվակուացման կենտրոններում ապրողների թիվը նվազել է` 300 հազար տուժածից հասնելով մինչև 193 հազար մարդու:

XS
SM
MD
LG