Մատչելի հղումներ

Ճապոնիայում էվակուացվել են ատոմակայանի աշխատակիցները


Ճապոնիայում էվակուացվել են ատոմակայանի աշխատակիցները

Ճապոնիայի «Ֆուկուշիմա» ատոմակայանի ռեակտորներից մեկից ծխի արտանետման պատճառով էվակուացրել են այնտեղ աշխատանքներ իրականացնող մարդիկ։

Երկրի իշխանությունները երկուշաբթի օրը հայտնել են, որ ճառագայթման մակարդակը աճ չի գրանցել, և դեռևս պարզ չեն ծխի առաջացման պատճառները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ֆուկուշիմա» ատոմակայանի վեց ռեակտորներից երկուսում իրավիճակը կայունացել է, և առաջընթաց է գրանցվել դեպի այլ ռեակտորներ ջուր մղելու համար հոսանքի գծեր անցկացնելու աշխատանքներում։ Սակայն դեռևս մի քանի օր կպահանջվի, որպեսզի վերականգնվի հոսանքի մատակարարումը դեպի թիվ երկու ռեակտորը, որի պաշտպանիչ թաղանթը վնասված է։

Տարերային աղետի պատճառով վնասված ատոմակայանից ճառագայթման տարածման մասին մտահոգությունները խորանում են երկրաշարժից և ցունամիից վնասված տարածքներում շարունակվող հորդառատ տեղումների պատճառով։

Վատ եղանակը ստիպել է երկրի վարչապետ Նաոդո Կանին չեղյալ հայտարարել «Ֆուկուշիմա» ատոմակայանից ընդամենը 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող օգնության բաշխման կենտրոն կատարելիք իր այցելությունը։

Երկրի իշխանությունների համաձայն, հորդառատ անձրևի պատճառով օդ չեն կարող բարձրանալ տուժած հեռավոր տարածքներ սնունդ, ջուր և այլ օգնություն առաքող ուղղաթիռները։

Ճապոնիայում մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժից եւ ցունամիից զոհերի թիվը հասել է 8 600-ի, իսկ 13 200 մարդ համարվում են անհետ կորած։

XS
SM
MD
LG