Մատչելի հղումներ

Ֆրանսիայի խորհրդարանը հաստատեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը


Ֆրանսիայի խորհրդարանը հաստատեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը
Ֆրանսիայի խորհրդարանը հաստատեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը

«Ֆրանսիայի խորհրդարանը հինգշաբթի օրը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծին՝ չնայած իր ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակից և Եվրոպայում ամենաարագ զարգացող տնտեսությունն ունեցող Թուրքիայի կողմից նման գործողության բացասական հետևանքների մասին արված բազմաթիվ սպառնալիքների»:

«Ֆրանս պրես» գործակալության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում՝ Ազգային ժողովում հինգշաբթի օրն անցկացված օրինագծի քվերակության ընթացքում պատգամավորների մասնակցությունը ցածր էր, սակայն երկրի տարբեր կուսակցությունների մոտ 50 պատգամավոր քվեարկել են օրինագծի ընդունմանը կողմ: Օրինագծի ընդունման դեմ է քվեարկել մեկ տասնյակից պակաս օրենսդիր:

Օրինագիծն, ըստ լրատվական գործակալության, այժմ ուղարկվելու է Ֆրանսիայի Սենատի և խորհրդարանական հանձնաժողովների քննարկման և կարող է ուժի մեջ մտնել հաջորդ տարվա սկզբին՝ չնայած երկրի արտգործնախարարության կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների ձախողման վտանգի մասին արտահայտված մտավախությունների:

«Ֆրանսիան աշխատում է Թուրքիայի հետ Իրանի միջուկային ճգնաժամի և Սիրիայում ծավալվող ճգնաժամի խնդիրների շուրջ», - գրում է «Ֆրանս պրես»-ը՝ հավելելով. «Երկու պետությունների միջև հարաբերությունների ձախողումը կարող է խիստ բացասական լինել»:

Սակայն, ըստ գործակալության հաղորդագրության, բազմաթիվ օրենսդիրներ վճռական են եղել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը հավանության արժանացնելու հարցում:

«Մենք չենք փորձում պատմություն գրել, այլ կատարում ենք քաղաքական խիստ անհրաժեշտ քայլ», - խորհրդարանում իր ելույթի ընթացքում ասել է հայազգի օրենսդիր Պատրիկ Դեվեջյանը՝ հիշեցնելով, որ ազգությամբ թուրք մի քանի գրող իրենց երկրում դատական կարգով հետապնդման են ենթարկվել՝ 1915 թվականին իրականացված ցեղասպանության փաստն ընդունելու համար:

«Ֆրանս պրես»-ը գրում է, որ Ֆրանսիայի խորհրդարանում քննարկումների ընթացքում ընդունվել են անվտանգության լրացուցիչ միջոցներ, քանի որ Ֆրանսիայում ապրող ազգությամբ թուրք մոտ չորս հազար բնակիչ բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի մոտակայքում՝ դատապարտելով օրինագծի ընդունումն ու Ֆրանսիայի պատմության մեջ տեղ գտած խնդրահարույց իրադարձությունները:

«Ֆրանս պրես»-ի վկայությամբ, «Le Canard Enchaine» երգիծական հանդեսը հրապարակել է հոդված, որի համաձայն Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն զայրացած է «անմիտ» օրինագծի ընդունմամբ՝ պնդելով, որ «զուտ քաղաքական դրդապատճառներ ունեցող օրինագիծը մեծ վնաս կհասցնի Թուրքիայի հետ հարաբերությունների:

«Ժյուպեի գրասենյակը սակայն հրաժարվել է այս մասին հաղորդագրությունները հաստատելուց կամ հերքելուց», - գրում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

XS
SM
MD
LG