Մատչելի հղումներ

Միջազգային մամուլը՝ Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումների վերաբերյալ


Միջազգային մամուլը՝ Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումների վերաբերյալ

Միջազգային մամուլն անդրադարձել է Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսետում Հայոց ցեղասպանության շուրջ անցկացված քննարկումներին:

Բրիտանական «Independent» պարբերականում հրապարակված «Իսրայելը հիշեցրել է, որ Թուրքիան մեղավոր է իր կողմից գործած «Հոլոքոստի» համար» հոդվածում նշվել է, որ Երուսաղեմում Իսրայելի խորհրդարանի անդամներն առաջին անգամ անցկացրել են քննարկումներ այն հարցի շուրջ, թե արդյոք պետք է ճանաչվի 1915 թվականին Թուրքիայում իրականացված 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը, և որ այս քայլը կարող է է՛լ ավելի հրահրել Իսրայելի և Թուրքիայի միջև արդեն իսկ լարված հարաբերությունները:

Պարբերականը հիշեցրել է, որ անցյալում Իսրայելի բազմաթիվ կառավարություններ դադարեցրել են Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումները՝ ելնելով հրեական պետության և իր մահմեդական միակ դաշնակից Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացման մտավախությունից:

«Հետևելով 2010 թվականին Գազայի գոտի մուտք գործելու փորձ կատարած թուրքական նավի վրա ինն ուղևորների սպանության, Իսրայելի խորհրդարանի վրա մեծացել է պատմության ընթացքում հայերի տառապանքները ճանաչելու ճնշումը», - գրում է «Independent»-ը:

Թերթը նաև մեջ է բերում Քնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի կողմից Իսրայելի խորհրդարանի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նիստին Հայոց ցեղասպանության ճանաչման ընթացքում արված հայտարարությունը, որի համաձայն «Հոլոքոստի հերքումն այն է, ինչի հետ չի կարող համաձայնվել պատմությունը: Կարծում ենք, որ որպես մարդ, հրեա և Իսրայելի պետության քաղաքացիներ, ինչպես նաև Քնեսետի ազգությամբ ոչ հրեա անդամների հետ միասին, մենք պետք է այս խնդրի քննարկումը հանենք համազգային մակարդակ»:

Քննարկումների ընթացքում Քնեսետի ազատական «Մերեց» կուսակցության առաջնորդ Զահավա Գալ-Օնն ասել է, որ «անցյալում տեղի ունեցած ոճրագործությունները չպետք է ազդեցություն գործեն Թուրքիայի հետ հարաբերությունների վրա, և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական պարտքը կուսակցական խնդիր չէ»:

«Որպես Հրեական ողջակիզումը վերապրած հրեա ժողովրդի դուստր, համոզված եմ, որ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք այլ ժողովուրդների վերապրած աղետներին», - ասել է ազատական «Մերեց» կուսակցության առաջնորդը:

«Independent»-ի հոդվածում նշվել է նաև, որ Իսրայելի արտգործնախարարության պաշտոնատար անձանցից մեկը երեկ զգուշացրել է, որ Հայոց ցեղասպանության շուրջ Իսրայելի դիրքորոշումը պետք է քննարկվի «պատմաբանների, այլ ոչ թե քաղաքական գործիչների կողմից»:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի անվտանգության գծով խորհրդական Յաակով Ամիդրորը հորդորել է հետաձգել այս քննարկումները՝ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ Իսրայելի կառավարության կողմից գործադրվող ջանքերի համար այս քննարկման զգայունության պատճառով:

Իսրայելի «Haaretz» թերթն այսօրվա «Հիշատակ և վրեժխնդրություն» խմբագրականը նույնպես անդրադարձել է Հայոց ցեղասպանության քննարկման խնդրին:

«Տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հնարավորությունը ծանրացած էր՝ մի կողմից Թուրքիայում Իսրայելի արտաքին քաղաքականության շահերի, մյուս կողմից՝ Հոլոքոստի նկատմամբ հրեական «մենաշնորհը» կորցնելու պատճառով», - գրում է թերթը՝ հավելելով. «Բարոյականությունը կամ Հայոց Հոլոքոստի հետ նույնականացումը երկրորդական խնդիրներ էին, որոնք հազվադեպ էին արժանանում հասարակական քննարկման»:

«Haarez»-ի համաձայն, Քնեսետի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի քննարկումներին նույնպես միջամտել է երկրի վարչապետի գրասենյակը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քննարկումների արդյունքը կարող է խաթարել հարաբերությունները Իսրայելի և Թուրքիայի միջև:

«Իսրայելի դպրոցներում Հայոց ցեղասպանությունը կամ պաղեստինցիների Նաքբան դասավանդելու համար չկա Քնեսետի հատուկ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը», - գրում է թերթը՝ հավելելով. «Կրթության նախարարն իրավասու է ընդունել նման որոշումներ՝ առանց կեղծ բարոյականության նման «կրկեսի»:

«1915 թվականին սպանված կամ արտաքսման ճանապարհին զոհված մոտ 1,5 միլիոն հայերն արժանի են իրենց նկատմամբ իրականացված Հոլոքոստի միջազգային ճանաչման: Նրանք առաջին հերթին արժանի են Թուրքիայի կողմից այս երկրի պատմության զարհուրելի էջի ճանաչման», - նշում է պարբերականը:

«Իսրայելի կողմից քաղաքականորեն հարմար ժամանակին Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես Թուրքիայի դեմ «ատամն ընդ ատաման» վրեժխնդրության և սադրանք գործելու միջոց շատ հեռու է այն ճանաչումից, որին արժանի է հայ ժողովուրդը», - եզրափակում է «Haarez»-ի խմբագրականը:

XS
SM
MD
LG