Մատչելի հղումներ

Հարութ Սասունյան. «Խոսքի ազատության մասին օրենքը պետք է բոլորին հավասար վերաբերվի»


Հարութ Սասունյան. «Խոսքի ազատության մասին օրենքը պետք է բոլորին հավասար վերաբերվի»

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը «Լոս Անջելես Թայմս» թերթում հրապարակված «Ֆրանսիայում քննարկվում է Հայոց ցեղասպանության օրինագիծը» խորագրով խմբագրականը պարզաբանելու նպատակով հեռախոսով հարցազրույց է անցկացրել «Կալիֆորնիա կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի հետ:

Հարութ Սասունյանը նշել է, որ նման հոդվածի հրապարակումը «կոպիտ սխալ է «Լոս Անջելես Թայմս»-ի կողմից», քանի որ Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի շուրջ քվեարկություն նախատեսվում է անցկացնել Ֆրանսիայում, և այս օրենքի նախագիծը պետք է քննարկվի՝ ելնելով այդ երկրի համատեքստից և առկա օրինական դաշտից:

«Ես, լինելով հայ, անձամբ չէի ցանկանա, որ նման օրենք ընդունվեր Միացյալ Նահանգներում, քանի որ խոսքի ազատությունն այս երկրում գրեթե բացարձակ իրավունք է», - նշել է Սասունյանը. - «Նույնիսկ Հոլոքոստի փաստի հերքումն ԱՄՆ-ում արգելված չէ»:

Հարցազրույցի ընթացքում Հարութ Սասունյանը նշել է, որ խոսքի ազատությունը յուրովի է դիտվում ԱՄՆ-ից դուրս. օրինակ՝ Ֆրանսիայում, որտեղ Հոլոքոստի փաստի հերքումն արգելված է, և կան նաև հակակրոնական կամ ռասայական խտրականությանը վերաբերող բազմաթիվ այլ արգելքներ:

Անդրադառնալով խոսքի ազատությունն ապահովող միջազգային օրենսդրությանը, մասնավորապես՝ «Լոս Անջելես Թայմս»-ում հիշատակված «Մարդու իրավունքների համընդհանուր կոնվենցիա»-ի 19-րդ հոդվածին, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության զրուցակիցը նշել է, որ նման դրույթի առկայությունն այնուամենայնիվ չի արգելել Թուրքիայում տխրահռչակ «301-րդ հոդված»-ի ուժի մեջ լինելուն:

«Կալիֆորնիա կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիրը հարցազրույցի ընթացքում բարձրացրել է նաև այն հարցը, թե ինչու է 15 երկրներում Հոլոքոստի հերքումը համարվում քրեական հանցագործություն, իսկ Հայոց ցեղասպանության հերքումը՝ ոչ, հիշեցնելով, որ շատերը, ելնելով խոսքի ազատությունը պաշտպանելու նկատառումներից, նախկինում քննադատել են Հայոց ցեղասպանության հերքումը դատապարտող Ֆրանսիայի օրինագիծը:

Հարութ Սասունյանը բերում է Հրանտ Դինքի օրինակը, որն ասել էր, թե «Հայոց ցեղասպանության հերքումը Ֆրանսիայի կողմից քրեականացնող օրենք ընդունելու դեպքում ինքն առաջինը կմեկնի այդ երկիր և կհերքի ցեղասպանությունը»:

«Հրանտ Դինքն ինձ զանգել էր և մեծ ափսոսանք հայտնել իր կողմից նման արտահայտություն թույլ տալու կապակցությամբ», - հիշում է հեղինակը: «Ես Հրանտին ասացի. «Մեծ տարբերություն կա Ֆրանսիայի և Թուրքիայի օրենքների միջև: Թուրքիայում քեզ կբանտարկեն, եթե ասես ճշմարտությունը, իսկ Ֆրանսիայում կբանտարկեն սուտ խոսելու համար»։

Հարութ Սասունյանն այնուհետև ասել է, որ իր դիրքը, որպես լրագրողի, հետևյալն է. լրագրողը չի կարող պաշտպանել որևէ մեկի խոսքի ազատության սահմանափակումը, և իր կարծիքը Ֆրանսիայում քննարկվելիք օրենքի շուրջ որպես ամերիկացի հայ լրագրողի այն է, որ նման օրենք չպետք է ընդունվի՝ պայմանով սակայն, որ նման օրենք չպետք է լինի նաև Հոլոքոստի պարագայում:

«Հնարավոր չէ ասել՝ Հոլոքոստի դեպքում թող պատժեն, իսկ Հայոց ցեղասպանության դեպքում՝ ոչ: Եթե մեկն իսկապես անկեղծորեն հավատում է խոսքի ազատությանը, այդ դեպքում օրենքը պետք է բոլորին հավասար վերաբերվի», - «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցի ավարտին նշել է «Կալիֆորնիա կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

XS
SM
MD
LG