Մատչելի հղումներ

Միջազգային լրատվամիջոցներում քննարկվում է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը քրեականացնելու մասին օրինագիծը


Մահմեդական կուսակցության անդամների բողոքի ցույց Անկարայում Ֆրանսիական դեսպանատան մոտ, դեկտեմբերի 21, 2011

Բրիտանական «Թելեգրաֆ» պարբերականն իր կայքում այսօր հրապարակված «Հայոց ցեղասպանությունը ընտրությունների հետ չառընչվող պատմական փաստ է» խորագրով հոդվածում մեջ է բերում Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնետիի խոսքերը:

Լեոնետին ասել է, որ «այժմ բոլոր ժողովուրդները պետք է սթափ մտքով նայեն իրենց պատմական անցյալին»:

«Հայոց ցեղասպանությունն իրականացվել է գրեթե 100 տարի առաջ, դրա իրականացման համար պատասխանատվություն կրողները զոհված են, և դա պարզապես ճանաչում պահանջող պատմական իրողություն է», - նշել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարարը:

Նախարարի կարծիքով, այս քվեարկությունն ընտրողների ձայներ հավաքելու նպատակ չի հետապնդում: «Եթե այս քվեարկությունը ընտրողների ձայները ստանալու համար անցկացվեր, չեմ կարծում, որ ընդդիմությունը կքվեարկեր օրինագծին կողմ», - նշել է նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ Ֆրանսիայի ընդդիմադիր Սոցիալիսական կուսակցությանը պատկանող պատգամավորները սատարելու են Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը, որն առաջարկել է խորհրդարանի պատգամավորներից մեկի, այլ ոչ թե կառավարության կողմից:

«Լոս Անջելես Թայմս» ամերիկյան պարբերականի «Ֆրանսիայում քննարկվում է Հայոց ցեղասպանության օրինագիծը» խորագրով խմբագրականն այսօր նույնպես անդրադարձել է հինգշաբթի օրը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից քննարկվելիք օրինագծին:

«Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայերի սպանդը ցեղասպանություն է: Հրեական ողջակիզումը փաստ է: Սակայն ամերիկացիներն ազատ են հերքելու որևէ իրականություն՝ առանց պետության կողմից պատժվելու վտանգի: Ֆրանսիայի բնակիչները շուտով չեն ունենա նման հնարավորություն, եթե երկրի խորհրդարանը քրեականացնի Հայոց ցեղասպանության հերքումը», - գրում է «Լոս Անջելես Թայմս»-ը:

«Թուրքիայի զգայունությունը «ցեղասպանություն» բառի նկատմամբ նորություն չէ, նորություն չէ նաև Թուրքիայի կողմից այս բառն օգտագործելու դեպքում դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին սպառնալիքները», - նշում է «Լոս Անջելես Թայմս»-ը՝ հավելելով. «Սակայն դա օրինագծին դեմ հանդես գալու պատճառը չէ: Ֆրանսիայի կառավարության կողմից քննարկվելիք օրինագիծը քննադատության արժանի լինելու պատճառն այն է, որ այն խոսքի ազատության կոպիտ խախտում կդառնա»:

Ըստ պարբերականի, Ֆրանսիան Եվրոպական միակ պետությունը չէ, որտեղ խոսքի ազատությունն ավելի սահմանափակ է, քան Միացյալ Նահանգներում, սակայն «պատմության վերաբերյալ որևէ կարծիք, նույնիսկ սխալ կարծիք, հայտնելու քրեականացումը կանխարգելիչ գրաքննության օրինակ է»:

«Լոս Անջելես Թայմս»-ի կարծիքով, «ամերիկացիներ կողմից ժողովրդավարական բարեկամ պետությանն իր քաղաքացիների իրավունքների վերաբերյալ խորհուրդ տալը բավականին ինքնավստահ քայլ է», սակայն խոսքի համապարփակ ազատությունը ամերիկացիների «կուռքը» չէ ։

Պարբերականը մեջ է բերում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 19-ը, որտեղ նշված է. «Ամեն ոք ունի համոզմունքներ ունենալու և արտահայտվելու իրավունք. այս իրավունքը ներառնում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու և տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն, լրատվության ցանկացած միջոցներով, անկախ պետական սահմաններից»:

«Գոյություն ունի կարծիք, որի համաձայն հայերի սպանդը ցեղասպանություն չէ: Մենք համամիտ չենք այս կարծիքին, սակայն նման կարծիքն անհրաժեշտ է պաշտպանել, այլ ոչ թե պատժել», - եզրափակում է «Լոս Անջելես Թայմս»-ի խմբագրականը:

XS
SM
MD
LG