Մատչելի հղումներ

«Թուրքիան զգուշացրել է Ֆրանսիային տնտեսական ծանր հետևանքների մասին»


«Թուրքիան զգուշացրել է Ֆրանսիային տնտեսական ծանր հետևանքների մասին»

Թուրքիան զգուշացրել է Ֆրանսիային տնտեսական ծանր հետևանքների մասին այն դեպքում, եթե երկրի խորհրդարանն այս շաբաթ ընդունի Հայոց ցեղասպանության փաստի հերքումը քրեականացնող օրինագիծը:

Այս հարցին անդրադարձած «Bloomberg Businessweek» ամերիկյան տնտեսական հանդեսն այսօր իր համացանցային կայքում հրապարակված հոդվածում հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենքի դեմ լոբբինգի շրջանակներում, հրավիրել է այս երկրի շուկայում գործող ավելի քան 20 ընկերությունների գործադիր ղեկավարներին, որոնց թվում եղել են «Credit Agricole SA» և «Groupama SA» ընկերությունների ղեկավարները:

Ամերիկյան տնտեսագիտական հանդեսը նշել է նաև, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին դեկտեմբերի 17-ին սպառնացել է, որ «Ֆրանսիան «անվերականգնելի» կորուստներ կունենա այն դեպքում, եթե ուժի մեջ մտնի նման օրենք», և կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին արգելափակել այդ օրենքի ընդունումը:

«Թուրքիան անցյալում նույնպես սպառնացել է վրեժխնդիր լինել», - գրում է հանդեսը, - «սակայն այս անգամ սպառնալիքները կարող են ավելի լուրջ լինել»:

«Bloomberg Businessweek»-ը, վկայակոչելով Ստամբուլի Բիլջի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության պրոֆեսոր Սոլի Օզելի հետ անցկացված հեռախոսային հարցազրույցը, գրում է, թե «այժմ Թուրքիան հնարավորություն ունի կյանքի կոչելու իր սպառնալիքները, քանի որ երկիրը հավատացած է, որ այժմ, անցյալի համեմատությամբ, ներգործության ավելի ուժեղ լծակների ունի»:

«Թուրքիան չի զիջելու այս հարցում», - նշել է պրոֆեսոլ Օզելը:

Ամերիկյան հանդեսի համաձայն, արտգործնախարար Դավութօղլուի հետ հանդիպումից հետո Թուրքիայի առևտրի պալատների և ապրանքային բորսաների միությունը (TOBB) նամակ է հղել Թուրքիայում գործող ֆրանսիական և Ֆրանսիայում՝ թուրքական ընկերություններին՝ զգուշացնելով, որ օրինագծի ընդունման արդյունքում «կարող են առաջանալ տնտեսական զգալի կորուստներ»:

Թուրքական առևտրային այս միությունն իր նամակում նշել է, որ Թուրքիայում ուղիղ ներդրումներ ունի ֆրանսիական 960 ընկերություն:

«Եթե առաջադրված օրինագիծը օրենքի ուժ ստանա, ապա Թուրքիայում կարող է սկսվել ֆրանսիական ապրանքների դեմ ուղղված լուրջ բողոք», - գրում է ամերիկյան «Bloomberg Businessweek» հանդեսը:

XS
SM
MD
LG