Մատչելի հղումներ

Բուլղարիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը


Բուլղարիայի խորհրդարան (արխիվային լուսանկար)

Բուլղարիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որի ընդունման մասին առաջարկությունն առաջ է քաշվել երկրի ծայրահեղ աջ «Ատակա» կուսակցության կողմից:

Բուլղարիայի «Սոֆիա Եխո» պարբերականի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովը չորեքշաբթի օրը Բուլղարիայի խորհրդարանի նիստին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի «բնական է, որ հայրենասիրական կուսակցությունը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը»:

Սիդերովի համաձայն, «Ատակա» կուսակցության կողմից առաջարկված բանաձևը Հայոց ցեղասպանության խնդրի քաղաքականացման կամ պատմության ոլորտ ներխուժելու նպատակ չի հետապնդել: Բանաձևն, ըստ Սիդերովի, առաջ է քաշվել բանական պատճառներով՝ ելնելով պատմական տհաճ իրադարձությունների ճանաչման անհրաժեշտությունից:

Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության խնդրի հետ առնչվելուն կտրականապես դեմ է հանդես եկել «Իրավունքների և ազատությունների համար շարժում» կուսակցությունը, որի առաջնորդների ու աջակիցների հիմնական մասը կազմում են Բուլղարիայի ազգությամբ թուրք քաղաքացիները:

«Իրավունքների և ազատությունների համար շարժում» կուսակցության պատգամավոր Լյութվի Մեսթանը հանես է եկել հայտարարությամբ, ըստ որի պատմական ճշմարտության որոշման խնդիրը Խորհրդարանի գործառույթների մասը չի կազմում:

«Օրինագիծը մտածողության որոշակի ուղղության պարտադրելու նպատակ է հետապնդում», - ասել է Մեսթանը:

Պարբերականը հիշեցնում է, որ Բուլղարիայի մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Պլովդիվը, Վառնան, Բուրգասը և Ստարա Զագորան ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն արդեն մի քանի տարի երկրի խորհրդարանում նման բանաձևի ընդունումը ձախողվել է:

XS
SM
MD
LG