Մատչելի հղումներ

Եգիպտոսի ներքին գործերի նախկին նախարարն ու ոստիկանության սպաները կրկին կանգնել են դատարանի առջև


Եգիպտոսի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլին` դատական դահլիճում

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կառավարության ներքին գործերի նախարարն ու ոստիկանության վեց հրամանատար կրկին կանգնել են դատարանի առջև:

Նրանց ներկայացվել են Եգիպտոսում այս տարվա սկզբին տեղի ունեցած ապստամբության ընթացքում ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու հրաման տալու մեղադրանքներ:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը չորեքշաբթի օրը ներկայացել է դատարան, որտեղ իրեն ներկայացվել են հակակառավարական ցուցարարների սպանության և կաշառակերության մեղադրանքներ:

Դատավարության ժամանակավոր դահլիճ Մուբարաքը տեղափոխվել է բժշկական անվավոր պատգարակով՝ զբաղեցնելով իր տեղի որդիներ Գամալի և Ալաայի, ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիի և անվտանգության ուժերի նախկին վեց սպաների կողքին:

Դատավորի այն հարցին, արդյոք Մուբարաքը գիտակցում է, որ իրեն ներկայացվում են 18 օր տևած ապստամբության ընթացքում ցուցարարներին սպանելու հրաման տալու մեղադրանքներ, նա պատասխանել է դրական, սակայն կտրականապես հերքել է այդ մեղադրանքները: Ավագ Մուբարաքն իր որդիների հետ միասին հերքել է նաև իրենց ներկայացվող կաշառակերության մեղադրանքները:

Մեղավոր ճանաչվելու դեպքում ամբաստանյալներին մահապատիժ է սպառնում:

Եգիպտոսի դատական իշխանությունները, անվտանգության պահանջներից ելնելով, դատավարությունը Կահիրեի համագումարների պալատի փոխարեն անցկացնում են քաղաքի ոստիկանության ուսումնական կենտրոնում:

Եգիպտոսում այս տարվա սկզբին տեղի ունեցած ապստամբության ընթացքում զոհվել է ավելի քան 800 մարդ:

XS
SM
MD
LG