Մատչելի հղումներ

Կահիրեում վերսկսվել է Մուբարաքի դատավարությունը


Կահիրեում վերսկսվել է Մուբարաքի դատավարությունը

Կահիրեում չորեքշաբթի օրը վերսկսվել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը, որի ընթացքում դատարանի շենքից դուրս գտնվող ոստիկանության բազմաթիվ ծառայողներն իրականացնում են հսկողություն՝ հրաժարական ներկայացրած առաջնորդի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումները կանխելու նպատակով:

Մուբարաքը չորեքշաբթի օրը, ինչպես և դատական նախկին նիստերի ընթացքում, Կահիրեի դատարան է բերվել հիվանդանոցային մահճակալով, որը տեղադրվել է դատարանի խցիկում, որտեղից և Եգիպտոսի նախկին նախագահը հետևել է դատավարության ընթացքին:

Այսօրվա դատավարությանը նախորդել է երկուշաբթի օրն անցկացված նիստը, որի ընթացքում Եգիպտոսի ոստիկանության բարձրաստիճան ղեկավարներից մեկի վկայության համաձայն ինքը տեղյակ չի եղել ցուցարարների ուղղությամբ մարտական զենք կիրառելու վերաբերյալ արձակված հրամանների մասին: Որպես վկա հրավիրված ոստիկանության երկու այլ ծառայողի ցուցմունքների համաձայն, իրենց տրվել էր զսպվածություն ցուցաբերելու հրաման:

Եգիպտոսի պետական «ՄԵՆԱ» լրատվական գործակալությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ երկրի արդարադատության նախարարությունը թույլատրել է Քուվեյթի հինգ փաստաբանի միանալ Մուբարաքի դատապաշտպանների թիմին: Փաստաբանների համաձայն, իրենք ցանկություն են հայտնել մասնակցելու Մուբարաքի պաշտպանությանը, քանի որ վերջինս սատարել է Քուվեյթին 1990 թվականին Իրաքի ներխուժման ընթացքում:

Մեղադրող կողմի իրավաբաններին երկուշաբթի օրը անակնկալի է բերել գեներալ Հուսեյն Մուսայի վկայությունն այն մասին, որ Մուբարաքը չի կազմակերպել երկրում տեղի ունեցած բռնությունները: Դատախազները մեղադրել են Մուսային, որ երկուշաբթի օրը տրված իր ցուցմունքը տարբերվում է դատարանին նախկինում ներկայացված գրավոր ցուցմունքից:

Հոսնի Մուբարաքը մեղադրվում է այս տարվա սկզբին երկրում տեղի ունեցած ապստամբության ընթացքում ցուցարարների ուղղությամբ ոստիկանության ուժերի կողմից հարձակում իրականացնելու հրաման տալու մեջ, ինչը դարձել էր առնվազն 840 մարդու մահվան պատճառը: Նրան մեղադրում են նաև կաշառակերության, իշխանության չարաշահման և պետական միջոցների յուրացման մեջ:

Եգիպտոսի նախկին նախագահի հետ միասին դատարանի առջև կանգնել են նաև իր երկու որդիները` Ալաան ու Գամալը, որոնք հերքել են իրենց ներկայացված կաշառակերության մեղադրանքները, ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլին և իր վեց տեղակալները:

XS
SM
MD
LG