Մատչելի հղումներ

Եգիպտոսում մեկնարկելու է Մուբարաքի դատավարությունը


Ոստիկանության ուսումնական կենտրոնի շենքը, որտեղ անցկացվելու է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը

Եգիպտոսում չորեքշաբթի օրը մեկնարկելու է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը:

Հոսնի Մուբարաքը մեղադրվում է այս տարվա սկզբին երկրում տեղի ունեցած ապստամբության ընթացքում ցուցարարների ուղղությամբ ոստիկանության ուժերի կողմից հարձակում իրականացնելու հրաման տալու մեջ, ինչը դարձել էր առնվազն 840 մարդու մահվան պատճառը: Նրան ներկայացվում են նաև կաշառակերության, իշխանության չարաշահման և պետական միջոցների յուրացման մեղադրանքներ:

Եգիպտոսում օգոստոսի 3-ին կայանալիք դատավարության ընթացքում Մուբարաքի հետ միասին դատարանի առջև կանգնելու են նաև իր երկու որդիները` Ալաան ու Գամալը, ներքին գործերի նախկին նախարարը և ոստիկանության բարձրաստիճան վեց հրամանատար:

Եգիպտոսի խոշոր գործարար Հուսեյն Սալեմի դատավարությունն անցկացվելու է հեռակա կարգով:

Եգիպտոսի դատական իշխանությունները, անվտանգության պահանջներից ելնելով, դատավարության անցկացումը Կահիրեի համագումարների պալատից տեղափոխել են քաղաքի ոստիկանության ուսումնական կենտրոն:

Դեռևս պարզ չէ, արդյոք վատառողջ Մուբարաքը կարողանալու է ներկայանալ չորեքշաբթի օրը կայանալիք դատավարություն:

XS
SM
MD
LG