Ֆրանսիայում աշխատավորները շարունակում են բողոքի ցույցերն ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների

Ֆրանսիայում աշխատավորները շարունակում են բողոքի ցույցերն ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների

Ֆրանսիայում աշխատավորները և ուսանողները արդեն վեց օր անընդմեջ բողոքի ցույցեր են անցկացնում պետության կողմից հասարակական համակրանք չվայելող կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներ իրականացնելու դեմ:

Փարիզի մոտակայքում գտնվող Նանտեր քաղաքում ուսանողները ոստիկանության հատուկ զորքերի վրա քարեր են նետել, ինչին ի պատասխան ոստիկանները արձակել են արցունքաբեր գազ:

Ֆրանսիայի կրթության նախարարության համաձայն, ցույցերը խաթարել են մոտ 400 ուսումնական հաստատությունների աշխատանքը:

Բողոքի ցույցերը ազդել են երկրի օդանավակայանների աշխատանքի վրա` բերելով Փարիզի «Օրլի» և «Շարլ դե Գոլ» օդանավակայաններից մեկնող որոշ չվերթների դադարեցումներին:

Բողոքների ցույցեր անցկացնելու միջոցով աշխատավորները փորձում են ճնշում գործադրել երկրի խորհրդարանի վրա, որի քվեարկմանը չորեքշաբթի օրը դրվելու է կենսաթոշակի անցնելու տարիքը 60-ից մինչև 62 տարեկան բարձրացնելու հարցը:

Բողոքի ցույցերին միացել են բեռնատարների վարորդները, որոնք խոչընդոտում են մուտքը վառելիքի պահեստներ:

Ֆրանսիայի հարավային Մարսել քաղաքում սանիտարական ծառայությունների աշխատողների ցույցերի պատճառով փողոցներում աղբակույտեր են գոյացել: