Ֆրանսիայի ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ուժ են գործադրել` երկրում վառելիքի պահեստները արգելափակումից ազատելու համար:
Կենսաթոշակային բարեփոխումների հարցի շուրջ հետզհետե շիկացող բախումների ընթացքում Ֆրանսիայի նավթամշակման գործարաններից մեկի աշխատողներն անջատել են դեպի Փարիզ և Փարիզի շրջակայքում գտնվող օդանավակայաններ տանող վառելիքատարը:
Արհմիությունների աշխատողները դադարեցրել են Ֆրանսիայի նավթամշակման բոլոր 12 գործարանների աշխատանքը:
Տրանսպորտի նախարար Դոմինիկ Բիսերոն հայտնել է, որ նավթային ընկերություններին թույլատրվել է օգտվել վառելիքի պաշարներից` մատակարարման խնդիրներից խուսափելու համար:
Բեռնատարների վարորդների խոշորագույն արհմիությունները կոչ են արել իրենց անդամներին միանալ հետզհետե թափ առնող գործադուլներին:
Նախկինում բեռնատարների վարորդների կողմից անցկացվող ցույցերի հետևանքով արգելափակվել էին Ֆրանսիայի հիմնական մայրուղիները և խաթարել երկրի ենթակառուցվածքը: