Ֆրանսիայում շարունակվում են կենսաթոշակի անցնելու տարիքի բարձրացման դեմ ուղղված բողոքի ցույցերը:
Ցույցերի մասնակիցները հինգշաբթի օրը արգելափակել են հարավային Մարսել քաղաքում դեպի օդանավակայան տանող ճանապարհը: Նրանք կանգնեցնում էին օդանավակայան ուղևորվող մեքենաները, սակայն օդագնացության բնագավառում գործող մարմինները հաղորդել են, որ չեն նախատեսում դադարեցնել չվերթները:
Գլխավոր արհմիությունների առաջնորդները, հանդիպելով հինգշաբթի օրը հետագա գործողությունները քննարկելու համար, կոչ են արել շարունակել բողոքի ցույցերը նաև գալիք շաբաթվա ընթացքում:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրիս Օրտեֆեի համաձայն, երկրում վառելիքի 200 պահեստից 14-ը դեռ արգելափակված են մնում բողոքի ցույցերի մասնակիցների կողմից:
Երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզին կարգադրել է ոստիկանությանը բացել վառելիքի մատակարարման ուղիները` ազատելով խոչընդոտներ ստեղծող բողոքավորներից: Բողոքի ցույցերը Ֆրանսիայում խաթարել են ավելի քան 1000 լցակայանների գործունեությունը:
Բողոքի ցույցերի պատճառով առաջացած մատակարարման դժվարությունների հետևանքով Փարիզում իր երկու համերգները չեղյալ է հայտարարել ամերիկացի փոփ-աստղ Լեյդի Գագան: