Մատչելի հղումներ

Եմենի նախագահը խռովությունների համար մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին


Եմենի նախագահը խռովությունների համար մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին

Եմենի ընդդիմության տասնյակ հազարավոր ակտիվիստներ ցույցեր են անցկացրել մայրաքաղաք Սանայում՝ պահանջելով նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականը։

Սալեհը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ մեղադրելով ԱՄՆ-ին և Իսրայելին Եմենում և արաբական աշխարհի այլ երկրներում խռովություններ հրահրելու մեջ` ասելով, թե դավադրությունը ծրագրվում է Թել Ավիվում՝ ԱՄՆ-ի վերահսկողությամբ։

Սալեհի կողմից կատարված այս մեկնաբանություններից քիչ անց Սանայի համալսարանի շրջակայքում գտնվող հրապարակում հավաքված ընդդիմության ակտիվիստները հակակառավարական կարգախոսներ են վանկարկել և իրենց բողոքն արտահայտել Եմենի նախագահի կողմնակիցների կողմից առնվազն 24 ցուցարարի սպանության հանգամանքով։

Նախագահն ընդդիմադիր կուսակցություններին առաջարկել է ազգային միասնության կառավարություն ձևավորել, սակայն երկուշաբթի օրն ընդդիմադիրները մերժել են առաջարկը՝ միանալով Սանայում և այլ քաղաքներում հիմնականում ուսանողների կողմից անցկացվող բողոքի ցույցերին։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Սալեհը համագործակցել է Վաշինգտոնի հետ՝ երկրի չվերահսկվող տարածքներում գործող ալ-Քաիդայի զինյալների դեմ պայքարելու ուղղությամբ։

XS
SM
MD
LG