Մատչելի հղումներ

Եմենի զինուժի բացած կրակի հետևանքով զոհվել է չորս մարդ


Եմենի զինուժի կողմից հակակառավարական ցույցի մասնակիցների ուղղությամբ բացված կրակի պատճառով զոհվել է չորս, վնասվածքներ ստացել` առնվազն յոթ մարդ:

Այս հաղորդագրությամբ հանդես է եկել շիա ապստամբների խոսնակը, որի համաձայն միջադեպը տեղի է ունեցել Եմենի հյուսիսային Հարֆ Սոֆյան քաղաքի շրջակայքում:

Մայրաքաղաք Սանայում հավաքվել են նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականը պահանջող տասնյակ հազարավոր ցուցարարներ, իսկ հարավային Ադեն քաղաքում հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել անցյալ շաբաթ զոհված երեք ցուցարարների հիշատակին։

Փորձելով վերջ տալ երկրում անցյալ ամսվանից չդադարող քաղաքական ճգնաժամին` Եմենի ընդդիմադիր կազմակերպությունները հինգշաբթի օրը նախագահ Սալեհին իշխանության փոխանցման ծրագիր են ներկայացրել, սակայն վերջինս դեռևս որևէ կերպ չի արձագանքել ընդդիմադիրների նախաձեռնությանը:

Նախագահն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ` ըստ որի ինքը չի մասնակցելու 2013 թվականին իր պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո կայանալիք նախագահական ընտրություններին:

XS
SM
MD
LG