Մատչելի հղումներ

Եմենի նախագահն առաջարկում է փոփոխություններ իրականացնել ընտրությունների միջոցով


Եմենի նախագահն առաջարկում է փոփոխություններ իրականացնել ընտրությունների միջոցով

Եմենում արդեն մեկ շաբաթից ավելի անցկացվող հակակառավարական ցույցերին երկրի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը պատասխանել է՝ առաջարկելով իր ընդդիմախոսների պահանջած փոփոխություններն իրականացնել ընտրությունների միջոցով։

Երկուշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ նա դատապարտել է ընդդիմությանը՝ իր հրաժարականի հարցում «անընդունելի» պահանջներ ներկայացնելու համար։ Նա պնդել է, թե պետք է մնա պաշտոնում մինչև 2013 թվականին իր պաշտոնավարության ժամկետի ավարտը։

Եմենի ընդդիմության հարյուրավոր ակտիվիստներ հավաքվել են մայրաքաղաք Սանայի հրապարակներից մեկում՝ պահանջելով նախագահ Սալեհի հրաժարականը և երկրում ժողովրդավարական բարեփոխումների անցկացում։

Վերջին մի քանի օրերի ընթացքում հականախագահական ցույցեր անցկացվել են նաև երկրի հարավային Թայիզ և Ադեն քաղաքներում։ Բողոքի ցույցերի սկզբից ընդդիմադիրների վրա Եմենի անվտանգության ուժերի և երկրի նախագահի զինված կողմնակիցների հարձակումների պատճառով զոհվել է առնվազն 11 մարդ։

Սալեհը բազմիցս առաջարկել է խռովություններին վերջ տալու նպատակով բանակցություններ անցկացնել իր ընդդիմախոսների հետ, սակայն ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի որևէ երկխոսություն հնարավոր չէ կառավարության հետ, քանի դեռ այն զենք և մահակներ է կիրառում երկրի ժողովրդին ահաբեկելու համար։

XS
SM
MD
LG