Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պաշտպանության նախարարն այցելել է Աֆղանստան


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան Աֆղանստան կատարվող իր այցի ընթացքում ասել է, որ երկրում վերջերս տեղի ունեցած բռնությունները, ներառյալ ամերիկացի զինծառայողի կողմից Քանդահարում իրականացված սպանությունները, չեն կարող ստիպել Միացյալ Նահանգներին դադարեցնել Աֆղանստանում իրականացվող առաքելությունը:

Պենտագոնի խոսնակ Ջորջ Լիթլը հայտնել է, որ Պանետան չորեքշաբթի օրը հանդիպում է անցկացրել Աֆղանստանի նահանգային իշխանությունների հետ, որի ընթացքում ասել է, որ նման միջադեպերը չեն բնութագրում Միացյալ Նահանգների կամ Աֆղանստանի ժողովուրդն ու այս երկրների զինված ուժերը:

Ըստ Պանետայի, Միացյալ Նահանգների և Աֆղանստանի անվտանգության ուժերի մեծամասնությունը «փորձում է ճիշտ քայլեր կատարել»:

Պաշտպանության նախարար Պանետան երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ «պատերազմը դժոխք է», և նման զարհուրելի իրադարձություններ տեղի են ունենում յուրաքանչյուր պատերազմի ընթացքում: Նրա համաձայն, հնարավոր է, որ նման սպանությունները վերջինը չլինեն, սակայն զինված ուժերը կանեն հնարավոր ամեն ինչ՝ դրանք կրկնությունը թույլ չտալու համար:

Աֆղանստանի Քանդահար քաղաքում չորեքշաբթի օրը տեղի է ունեցել մոտոցիկլետի վրա տեղադրված ռումբի պայթյուն, որի հետևանքով զոհվել է Աֆղանստանի անվտանգության ուժերի մեկ ծառայող, վնասվածքներ է ստացել առնվազն երկու մարդ:

Պայթյունի համար որևէ մեկը պատասխանատվություն դեռևս չի ստանձնել:

Հիշեցնենք, որ թալիբներն ավելի վաղ խոստացել են վրեժխնդիր լինել Աֆղանստանում ԱՄՆ-ի զինծառայողի կողմից քաղաքացիական անձանց կատարված սպանությունների համար:

XS
SM
MD
LG