Աֆղանստանի իշխանություններն ու ՆԱՏՕ-ի հրամանատարությունը շարունակում են երկրի 16 քաղաքացիական անձանց սպանությունը կատարած ԱՄՆ-ի զինծառայողի գործողությունների հետաքննությունը:
Երկրի Քանդահար նահանգի Փանջվայ շրջանում տեղի ունեցած հարձակման ականատեսների համաձայն, ԱՄՆ-ի զինված ուժերի սերժանտը կրակ է բացել քնած մարդկանց, հիմնականում՝ կանանց և երեխաների ուղղությամբ, որից հետո փորձել է այրել սպանվածների դիակները:
Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի խոսնակ, բրիգադային գեներալ Կարստեն Յակոբսենի համաձայն, Քանդահարում տեղի ունեցած հարձակումը որակվել է որպես հանցագործություն, այլ ոչ թե որպես զինված գործողություն:
ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց համաձայն, հարձակումն իրականացվել է Միացյալ Նահանգների զինված ուժերի սերժանտի կողմից, որը մենակ է գործել, սակայն գյուղի բնակիչներն ու Աֆղանստանի պաշտոնատար որոշ անձինք համոզված են, որ զոհերի նման թիվը չէր կարող լինել միայն մեկ անձի գործողությունների հետևանք:
Կա մտահոգություն, որ ԱՄՆ-ի զինված ուժերի սերժանտի կողմից քաղաքացիական անձանց վրա կատարված հարձակումը կարող է հրահրել անցյալ ամիս ամերիկյան ռազմակայանում Ղուրանի այրմամբ հրահրված խռովությունների նման իրադարձություններ: Աֆղանստանի բնակիչները տարածել են ասեկոսեներ, որոնց համաձայն կիրակի օրը կատարված հարձակումը վրեժխնդրություն է Ղուրանի այրման պատճառով տեղի ունեցած խռովությունների ընթացքում ամերիկացի զինվորների մահվան համար:
Գեներալ Յակոբսոնի համաձայն, չկա որևէ վկայություն, որի համաձայն Քանդահարում տեղի ունեցած հարձակումն իրականացվել է որպես վրեժխնդրություն ԱՄՆ-ի զինծառայողների ուղղությամբ անցյալում իրականացված հարձակումների համար: Գեներալը սակայն չի բացահայտել հարձակվողի հնարավոր շարժառիթները: