Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման խոստացել է պատժել Աֆղանստանում քաղաքացիական անձանց սպանության գործով մեղավորներին


Նախագահ Բարաք Օբաման՝ ԱՄՆ-ի Սպիտակ տան բակում ելույթի ժամանակ, 13 մարտի 2012թ.
Նախագահ Բարաք Օբաման՝ ԱՄՆ-ի Սպիտակ տան բակում ելույթի ժամանակ, 13 մարտի 2012թ.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստացել է, որ Աֆղանստանում քաղաքացիական 16 անձանց սպանության հետ առնչություն ունեցող անձինք «կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»:

Նախագահ Օբաման ասել է, թե այս միջադեպին ինքը վերաբերվում է «այնքան լուրջ, կարծես մարդասպանի զոհ են գնացել մեր սեփական քաղաքացիները, մեր սեփական երեխաները»:

«Քաղաքացիական անմեղ անձանց սպանությունը վիրավորական է և անընդունելի, և չի համապատասխանում մեր երկրի կամ մեր բանակի էությանը», - շեշտել է նախագահ Օբաման:

Միացյալ Նահանգների նախագահը խոստացել է Միացյալ Նահանգների և Աֆղանստանի ժողովուրդներին «առաջնորդվել փաստերով»՝ երաշխավորելով «օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել ցանկացած այն անձին, որն առնչություն ունի այս հանցագործության հետ»:

Նախագահ Օբամայի համաձայն, Վաշինգտոնում երեքշաբթի օրն ինքը հանդիպում է ունեցել Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպան Ռայան Քրոքերի և Միացյալ Նահանգների ու միջազգային ուժերի հրամանատար, ԱՄՆ-ի ծովային հետևակի գեներալ-լեյտենանտ Ջոն Ալենի հետ: ԱՄՆ-ի նախագահի համաձայն, ինքը «շատ մեծ վստահություն ունի» Քրոքերի և Ալենի, ինչպես նաև Աֆղանստանում տեղակայված ամերիկյան ուժերի նկատմամբ:

XS
SM
MD
LG