ԱՄՆ-ի զինված ուժերն Աֆղանստանից դուրս են բերել 16 քաղաքացիական անձանց, ներառյալ կանանց և երեխաների սպանությունն իրականացրած զինծառայողին:
Քանդահար նահանգում այս հանցագործությունն իրականացրած ԱՄՆ-ի զինված ուժերի սերժանտին սակայն պաշտոնական մեղադրանք դեռևս չի ներկայացվել:
Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբիի խոսքերով, զինծառայողը դուրս է բերվել Աֆղանստանից, քանի որ այնտեղ չկան ազատազրկման համապատասխան վայրեր, ինչպես նաև վերջինիս անվտանգության նկատառումներից ելնելով:
ԱՄՆ-ի իշխանությունները չեն հայտնել, թե ուր է տեղափոխվել կասկածյալը՝ նշելով սակայն, որ նա չի բերվել Միացյալ Նահանգներ: Կասկածյալի ինքնությունը մինչև պաշտոնական մեղադրանքներ ներկայացնելը նույնպես չի բացահայտվում:
Աֆղանստանի կառավարության որոշ ներկայացուցիչներ պահանջել են, որ սպանություններն իրականացնելու մեջ մեղադրվող ԱՄՆ-ի զինծառայողի դատավարությունն անցկացվի Աֆղանստանում, սակայն Միացյալ Նահանգների պաշտոնյաների համաձայն, գործը քննվելու է ԱՄՆ-ի զինված ուժերի իրավական համակարգում:
Աֆղանստան և տարածաշրջան այս շաբաթ այց կատարող ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան ասել է, որ մեղավոր ճանաչվելու դեպքում կասկածյալը մահապատժի կենթարկվի: