Աֆղանստանում Միացյալ Նահանգների զինծառայողի կողմից 16 քաղաքացիական անձի սպանության դեպքի վայր այցելություն կատարած պետական պատվիրակության ուղղությամբ կրակ է արձակվել:
Երկրի Քանդահար նահանգում երեքշաբթի օրն իրականացված հարձակման հետևանքով զոհվել է Աֆղանստանի զինված ուժերի ծառայողներից մեկը, վնասվածքներ է ստացել ոստիկանության մեկ ծառայող: Նախնական տվյալների համաձայն, հարձակումն իրականացվել է զինյալների կողմից:
Աֆղանստանի արևելյան Ջելալաբադ քաղաքում երեքշաբթի օրը հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ իրենց զայրույթն արտահայտելով կիրակի օրը տեղի ունեցած իրադարձություններով: Բողոքի այս ցույցը, որի մասնակիցները վանկարկել են «Մա՛հ Ամերիկային» կարգախոսը, ԱՄՆ-ի զինծառայողի կողմից իրականացված սպանություններից հետո զանգվածային առաջին ցույցն է եղել:
Չնայած սպանություններով առաջացրած զայրույթի, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Լոս Անջելեսի «Քեյ-Էյ-Բի-Սի» հեռաուստաընկերությանը երկուշաբթի օրը տված հարցազրույցում նշել է, որ Աֆղանստանից Միացյալ Նահանգների զորքերի դուրսբերումը հապճեպ չի իրականացվի:
Միացյալ Նահանգների ռազմական իրավունքի մասնագետների համաձայն, սպանությունների փաստով հետաքննության արդյունքում բավարար ապացույցներ հայտնաբերելու դեպքում ԱՄՆ-ի բանակի սերժանտին մեղադրանք կներկայացվի, որից հետո նա կանգնելու է ռազմական դատարանի առջև: