Մատչելի հղումներ

Թուրքիայի դատարանի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել են «Մարդկության հուշարձանը» քանդելու ծրագրերը


Թուրքիայի դատարանի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել են «Մարդկության հուշարձանը» քանդելու ծրագրերը

Թուրքական «Հուրիեթ» պարբերականը, վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությանը, հաղորդել է, որ Թուրքիայում դատարանի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել են Հայաստանի հետ բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը քանդելու ծրագրերը։

Քանդակագործ Մեհմեթ Աքսոյի փաստաբանի համաձայն, արևելյան Էրզրումի դատարանը երկուշաբթի օրը ժամանակավոր կարգադրություն է արձակել, որը դադարեցրել է հուշարձանը քանդելու մասին անցյալ ամիս Կարսի քաղաքային խորհրդի կողմից հաստատված որոշումը։

Փաստաբանի խոսքերով, դատարանի կարգադրությունը թույլ կտա, մինչև հուշարձանի վերջնական ճակատագրի մասին դատարանների կողմից որոշման ընդունումը, խուսափել հուշարձանին «անվերականգնելի վնաս» հասցնելուց։

Մեհմեթ Աքսոյը ասել է, թե հուշարձանի ոչնչացումը նմանվելու է թալիբների կողմից 2001 թվականին Աֆղանստանի Բամիան նահանգում Բուդդայի արձանների ավերմանը։

Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունը խորհրդանշող արձանը քանդելու մասին որոշումն ընդունվել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այն խիստ քննադատության ենթարկելուց հետո: Հունվար ամսին Կարս կատարած իր այցի ընթացքում Էրդողանն արձանը նկարագրել էր որպես «նողկանք, որը վիրավորական է մոտակայքում գտնվող մահմեդական գործչի շիրմին»:

XS
SM
MD
LG