Մատչելի հղումներ

«Wall Street Journal». ««Մարդկության հուշարձանը» դարձել է ազատ խոսքի խորհրդանիշ»


«Wall Street Journal». ««Մարդկության հուշարձանը» դարձել է ազատ խոսքի խորհրդանիշ»

«Հայաստանի և Թուրքիայի միջև բարեկամությանը նվիրված հուշարձանը դարձել է Թուրքիայում մեկնարկած նախընտրական արշավի ազատ խոսքի խորհրդանիշ»:

«Wall Street Journal» ամերիկյան պարբերականի համաձայն, որոշ ժամանակ առաջ տպավորություն էր ստեղծվել, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մահմեդական ուղղվածություն ունեցող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը պատրաստ է ավելի շատ, քան ընդդիմադիր գլխավոր աշխարհիկ կուսակցությունները:

Կարս քաղաքում հայ և թուրք ժողովուրդների բարեկամությանը նվիրված կիսակառույց «Մարդկության հուշարձանը» Էրդողանի կողմից հունվար ամսին «զարհուրելի» անվանվելուց և այն ապամոնտաժելու անհրաժեշտության մասին խոսելուց հետո, Էրդողանի և իր կուսակցության դերը կտրուկ փոխվել է:

«Հուշարձանը հեռացնելու մասին Էրդողանի խոսքերի նկատմամբ քննադատությունն այժմ համընկնում է Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների այն տեսակետի հետ, որի համաձայն Էրդողանն ընկալվում է որպես ազատ խոսքի համար վտանգ ներկայացնող քաղաքական գործիչ», - գրում է պարբերականը:

«Wall Street Journal»-ը նշում է նաև, որ Թուրքիայում որևէ կուսակցություն դեռևս պատրաստ չէ 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» անվանել:

Պարբերականը հիշեցնում է նաև, որ ««Մարդկության հուշարձանը» ապամոնտաժելու դեմ հանդես գալու պատճառով վնասվածքներ է ստացել իր աշխարհիկ կարծիքների համար հայտնի նկարիչ Բեդրի Բայքամը, որի վրա հարձակում կատարած հանցագործն ասել է, թե վնաս է պատճառել նկարչին զուտ այն պատճառով, որ չի հավանել այս հարցի շուրջ նրա կարծիքը:

«Wall Street Journal»-ի համաձայն, երեքշաբթի օրը Բայքամը, հանդես գալով հեռուստատեսությամբ, կոչ է արել «թույլ չտալ, որ Թուրքիան դառնա մի երկիր, որտեղ այլախոհները հարձակում են կատարում միմյանց դեմ»:

XS
SM
MD
LG