Մատչելի հղումներ

Թուրքիան կվերականգնի հայկական հուշարձանները` որպես Հայաստանի հետ հաշտեցման ժեստ


Թուրքիան կվերականգնի հայկական հուշարձանները` որպես Հայաստանի հետ հաշտեցման ժեստ
Թուրքիան կվերականգնի հայկական հուշարձանները` որպես Հայաստանի հետ հաշտեցման ժեստ

«Թուրքիան ձեռնամուխ է եղել հայկական հինավուրց տաճարի ու եկեղեցու վերականգնման նախագծի իրագործմանը, ինչը դիտարկվում է որպես հարևան երկրի հետ հաշտեցման փորձ»:

«Ասոշիեյթիդ փրես» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար էրթուղրուլ Գյունայը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամի հետ համատեղ Թուրքիայում նախատեսվում է վերականգնել Կարսից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Անիի Մայր տաճարն ու Սուրբ Փրկիչ եկեղեցին:

«Հուսով ենք, որ ժամանակին հիասքանչ տեսք ունեցած շենքերի վերականգնումը կնպաստի տարածաշրջանում տնտեսական նոր հնարավորություններին», - նշել է Գյունայը:

Նախարարը սակայն չի խոսել վերականգնողական աշխատանքների ավարտից հետո Անիի տաճարում և եկեղեցում ժամերգություններ անցկացնելու հնարավորության մասին։

Նախարարությունը չի բացահայտել նախագծի արժեքը, սակայն Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամի հետ աշխատանքը համակարգող «Անադոլու քուլթուր» հասարակական մշակութային կազմակերպության ղեկավար Օսման Քավալայի համաձայն, վերականգնողական աշխատանքները նախապատրաստելու վրա միայն ծախսվելու է մոտ 1 միլիոն դոլար:

Քավալայը հայտնել է, որ վերականգնողական աշխատանքներն ամենայն հավանականությամբ կմեկնարկեն 2012 թվականի սկզբին և կտևեն 4 տարի:

XS
SM
MD
LG