Մատչելի հղումներ

Հայ և թուրք ժողովուրդների բարեկամության հուշարձանը կտեղափոխվի այլ քաղաք


Հայ և թուրք ժողովուրդների բարեկամության հուշարձանը կտեղափոխվի այլ քաղաք

Թուրք քանդակագործ Մեհմեթ Աքսոյի «Մարդկության հուշարձանը» քանդելու մասին որոշումից հետո, որը կայացվել է՝ հետևելով արձանի մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արված քննադատական մեկնաբանությանը, Իզմիր քաղաքի Քարշըյաքա համայնքի ղեկավարությունը դիմել է Կարսի քաղաքապետարանին՝ հուշարձանն այս քաղաք տեղափոխելու խնդրանքով։

«Մեր համայնքի համար հուշարձան է հարկավոր, և ընդունվել է այս արձանը Իզմիր տեղափոխելու մասին որոշում», - թուրքական «Հուրիեթ» օրաթերթին հայտնել է Քարշըյաքա համայնքի մամուլի գծով խորհրդական Սեդաթ Սյոզերին։

«Մենք արձան էինք որոնում Քարշըյաքայի համար, և ընդունել ենք «Մարդկության հուշարձանը» Իզմիր տեղափոխելու մասին որոշում՝ տեղեկանալով այս արձանը քանդելու վերաբերյալ ընդունված որոշման մասին», - ասել է Սյոզերին։

Քանդակագործ Մեհմեթ Աքսոյը սակայն նշել է, որ Կարսից հուշարձանը տեղափոխելու դեպքում այն այլևս խորհրդանշական որևէ իմաստ չի արտահայտի, քանի որ հուշարձանը նվիրված է հայ և թուրք ժողովուրդների բարեկամությանը, իսկ որպես արձանի տեղանք ընտրվել էր Կարսը, որովհետև այս քաղաքը մոտ է հայ-թուրքական փակ սահմանին։

««Մարդկության հուշարձանը» պետք է մնա իր ներկայիս վայրում։ Այն պետք է պահպանվի։ Այն, ինչ կատարվում է այս արձանի հետ, ինձ, որպես արվեստագետի, մեծ ցավ է պատճառում», - ասել է Աքսոյը։

«Արձանի գեղագիտական արժեքը կամ գեղեցկությունը երբևէ չի քննարկվել։ Մենք չենք ցանկանում քննարկել այս մանրամասները. մեզ անհրաժեշտ է արձանը, և այն կտեղափոխվի», - ասել է Իզմիրի Քարշըյաքա համայնքի մամուլի գծով խորհրդականը։

XS
SM
MD
LG