Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը նախատեսում է Լիբիայի ապստամբների համար հասանելի դարձնել կառավարության սառեցված հաշիվները


ԱՄՆ-ը նախատեսում է Լիբիայի ապստամբների համար հասանելի դարձնել կառավարության սառեցված հաշիվները

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նախատեսում է ապասառեցնել Լիբիայի կառավարության հաշիվներում առկա մոտ 30 միլիարդ դոլար կազմող գումարները` այս միջոցները ապստամբների համար հասանելի դարձնելու նպատակով:

Այս հայտարարությամբ հինգշաբթի օրը հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը Հռոմում` Լիբիյում ստեղծված ճգնաժամային իրավիճակի քննարկմանը նվիրված համաժողովի ժամանակ:

Լիբիայի հարցով կոնտակտային խմբի անդամ 22 պետությունների ներկայացուցիչներին ԱՄՆ-ի արտգործնախարարը հայտնել է, որ Միացյալ Նահանգներն այս պահին ուսումնասիրում է օրենսդրությունը։

Հանդիպման ընթացքում Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Լիբիային տրամադրվող մարդասիրական օգնության ծավալը հասել է 250 միլիոն դոլարի:

Այս ընթացքում Լիբիայի Միսրաթա պաշարված քաղաքից ավելի քան 800 էվակուացված անձ տեղափոխող նավը ժամանել է ապստամբների հենակետ Բենգազի քաղաք:

Մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների աշխատակիցների համաձայն, Միսրաթայի նավահանգիստ ժամանելուց առաջ նավը ստիպված է եղել երեք օր մնալ ծովում`մինչեւ ՆԱՏՕ-ի ականազերծող նավերը կավարտեին նավահանգստի ջրերում ականներ որոնելու աշխատանքները:

Անցյալ շաբաթ Քադաֆիին հավատարիմ ուժերն այս քաղաքի նավահանգստում ծովային ականներ են տեղադրել:

XS
SM
MD
LG