Մատչելի հղումներ

Լիբիայի մայրաքաղաքը հրթիռակոծման է ենթարկվել


Լիբիայի մայրաքաղաքը հրթիռակոծման է ենթարկվել

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին հինգշաբթի առավոտյան ենթարկվել է հրթիռակոծման, որը, ականատեսների համաձայն, ամենայն հավանականությամբ իրականացվել է ՆԱՏՕ-ի կողմից։

Լիբիայի պաշտոնատար անձինք հայտնել են, որ հրթիռներից առնվազն չորսը խոցել են երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի նստավայրը։

Լոնդոնում հինգշաբթի օրը կայանալու է Լիբիայի ընդդիմադիր Ազգային անցումային խորհրդի հանդիպումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնի և պաշտոնատար այլ անձանց հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվելու են ապստամբներին ոչ ռազմական օգնության տրամադրման, ինչպես նաև Լոնդոնում Ազգային անցումային խորհրդի մշտական ներկայացուցչության ստեղծման հարցերը։

ԱՄՆ-ի օրենսդիրները չորեքշաբթի օրը հանդես են եկել Լիբիայի Ազգային անցումային խորհրդին օգնություն տրամադրելու ծրագրեր մշակելու մասին հայտարարությամբ։ ԱՄՆ-ի սենատոր Ջոն Քերրիի համաձայն, մշակվում է Քադաֆիի սառեցված միջոցները ընդդիմադիր խորհրդին փոխանցելուն հավանություն տվող օրինագիծ։

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախագահող Քերրին չի մանրամասնել օգնության գումարի չափը, սակայն ասել է, թե այն բավարար կլինի՝ խորհուրդը ճգնաժամից դուրս բերելու համար։

XS
SM
MD
LG