Մատչելի հղումներ

Էրդողանը կոչ է արել Ֆրանսիային դուրս գալ Մինսկի խմբից


Էրդողանը կոչ է արել Ֆրանսիային դուրս գալ Մինսկի խմբից

Թուրքիայի վարչապետը կոչ է արել Ֆրանսիային դադարեցնել իր անդամությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում իր անդամությունը:

«Հուրիեթ» պարբերականի համաձայն, ադրբեջանական «ԱՆՍ» պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էրդողանն ասել է, թե «Ֆրանսիան, ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, հստակ նշել է Լեռնային Ղարաբաղի վեճի լուծման հարցում իր կողմնակալությունը: Այդ իսկ պատճառով այն պետք է լքի Մինսկի խումբը»:

Էրդողանն ասել է նաև, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երբեք ազնիվ և անկեղծ չի եղել հայերի հետ հարաբերություններում, և այդ իսկ պատճառով որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին անդամակցող պետության ղեկավարի իր դատողության «այլևս հնարավոր չէ վստահել»:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Ֆրանսիայի Սենատը քվեարկել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին:

Սենատը ձայների 127՝ կողմ, 86՝ դեմ հարաբերակցությամբ ընդունել է օրինագիծ, որով նախատեսվում է մինչև մեկ տարվա ազատազրկման և մոտ 59 հազար դոլարի տուգանքի ենթարկել Հայոց ցեղասպանության փաստը «հերքող կամ վիրավորական կերպով նվազեցնող» անձանց:

Սենատորներից շատերը, չնայած իրենց սպառնացող լուրջ հետևանքների, չէին մասնակցել քվեարկության՝ փոխարենը որպես լիազորված անձ գործելու թույլտվություն տալով իրենց գործընկերներին: Սենատի նիստերի դահլիճում գտնվողները սակայն մի քանի ժամ շարունակ թեժ քննարկումներ են վարել օրինագծի շուրջ:

Թուրքիան «մեծ անարդարություն» է անվանել Ֆրանսիայի Սենատի կողմից օրինագծի ընդունումը՝ ասելով, որ նման գործողությամբ «անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել Թուրքիայի նկատմամբ»:

XS
SM
MD
LG