Մատչելի հղումներ

«Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ. ինչու՞ է այն կարևոր Ֆրանսիայի քաղաքական գործիչների համար»


«Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ. ինչու՞ է այն կարևոր Ֆրանսիայի քաղաքական գործիչների համար»

Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծին շարունակում է անդրադառնալ Ֆրանսիայի մամուլը:

«Ռադիո Ֆրանս Ինտերնասյոնալ» լրատվական գործակալությունը հունվարի 25-ին ներկայացրել է մի հոդված, որտեղ վերլուծվել են Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ կապված հիմնական հարցերը:

Քննարկելով այն հարցը, թե ինչու՞ է Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը կարևոր Ֆրանսիայի քաղաքական գործիչների համար, հոդվածում մասնավորապես նշվել է, որ երկրում բնակվում է ազգությամբ մոտ 500 հազար հայ և նույն թվով թուրքական արմատներ ունեցող բնակիչ, սակայն հայկական համայնքը ստեղծվել է 20-րդ դարի սկզբին, և համայնքի ներկայացուցիչներից շատերը զբաղվում են մասնագիտական բարձր որակավորում պահանջող գործունեությամբ կամ ձեռնարկություններ են հիմնադրել:

«Նրանց հիմնական մասը լավ է տիրապետում ֆրանսերենին և ընդունել է Ֆրանսիայի քաղաքականությունը՝ այսպիսով դառնալով «ֆրանսիական ոճի ինտեգրվելու» վառ օրինակներից մեկը», - գրում է հոդվածը:

Հոդվածում նշվում է, որ երկրում նախկինում նախարարի պաշտոն զբաղեցրած Պատրիկ Դևեջյանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի «Միություն հանուն ժողովրդավարական շարժման» կուսակցության անդամ է, չնայած նախագահի հետ իր ունեցած տարաձայնությունների, իսկ օրինագիծը ներկայացրած պատգամավոր Վալերի Բուայեն, որն ընտրվել է հայկական մեծ համայնք ունեցող Մարսելի ընտրատարածքի կողմից, նույնպես «Միություն հանուն ժողովրդավարական շարժման»-ն է անդամակցում:

«Ի տարբերություն, թուրք համայնքը, որը հիմնականում կենտրոնացած է Փարիզում և Լիոնում, ընդհանուր առմամբ ավելի քիչ է ինտեգրացված Ֆրանսիայի հասարակության մեջ, և նրանցից ընդամենը 20-ից 25 տոկոսն ունի երկրի քաղաքացիություն», - նշում է հոդվածը՝ մեջբերելով Անկարայի Եվրասիական ուսումնասիրության կենտրոնի ներկայացուցիչ Հասան Օզերթեմի կողմից տրամադրված տվյալները:

Հոդվածը գրում է, որ, բացի այդ հանգամանքից, Ֆրանսիայում բնակվող Թուրքիայի նախկին քաղաքացիներից շատերն ազգությամբ քուրդ են և շատ քիչ են համակրում թուրքերի ազգայնականությանը:

«Այսպիսով, մոտեցող նախագահական ընտրությունների հետ մեկտեղ պարզ է դառնում, որ հայերը կարող են ավելի շատ ձայն տրամադրել և, ամեն դեպքում, քիչ է հավանական, որ ազգությամբ թուրք ընտրողներն իրենց ձայները տան աջ ուժերի օգտին», - գրում է «Ռադիո Ֆրանս Ինտերնասյոնալ»-ն իր վերլուծական հոդվածում:

XS
SM
MD
LG