Մատչելի հղումներ

Քլինթընն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցին


Քլինթընն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցին
Քլինթընն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցին

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հունվարի 26-ին Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտության զարգացման վերաբերյալ չորս տարին մեկ անցկացվող հանդիպման ընթացքում անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցին:

Մասնավորապես, արտգործնախարարության աշխատողներից մեկը դիմել է արտգործնախարար Քլինթընին հարցով, թե ինչու՞ Միացյալ Նահանգները չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, և արդյոք դրա պատճառն է Միացյալ Նահանգներում ցեղասպանության հասկացության ընդունված սահմանումը, թե Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունները:

Արտգործնախարարության աշխատողը հարցրել է նաև, թե ինչպիսի դիրքորոշում ունի Միացյալ Նահանգները Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող վերջերս ընդունված օրինագծի շուրջ:

Պատասխանելով արտգործնախարարության աշխատողի հարցին, Հիլարի Քլինթընը նշել է, թե «մեր ամենամեծ հզորությունը խոսքը չքրեականացնելու մեջ է»:

«Մարդիկ կարող են ասել գրեթե այն ամենն, ինչ ցանկանում են, և մեր երկրում դա իրականում այդպես է», - ասել է արտգործնախարարը՝ հավելելով. «Ինչ վերաբերում է այլ պետություններին, ներառյալ Ֆրանսիայի նման մեր մոտ բարեկամ և դաշնակիցներին, ապա այդ պետություններում գործում են այլ ստանդարտներ, այս երկրներն ունեն այլ պատմություն, սակայն հուսով եմ, որ մենք երբեք չենք ընտրելու խոսքը քրեականացնելու ուղին»:

«Կարծում եմ՝ ճիշտ կլինի ասել, որ այս հարցը միշտ դիտվել է՝ և կարծում եմ, որ դա է ճիշտ, որպես պատմական քննարկումներին, այլ ոչ թե քաղաքականությանը վերաբերող խնդիր: Եվ, իմ կարծիքով, Միացյալ Նահանգների կառավարությունը ճիշտ դիրք է զբաղեցնում այս հարցում, քանի որ, անկախ այն բանից, թե որքան զարհուրելի կարող է լինել իրադարձությունը կամ դրա հետևանքով առաջացող հույզերը, կարծում եմ՝ պատմական խնդիրները լուծելու համար կառավարությանը տրված իշխանության օգտագործումը բացում է մի դուռ, որով անցնելը շատ վտանգավոր է», - ասել է Քլինթընը՝ հավելելով. «Այսպիսով, ես գիտակցում եմ, որ խնդիրը շատ հուզական է, և որ ես շատ եմ համակրում նրանց, ովքեր աներևակայելի խանդավառությամբ են վերաբերվում այս հարցին»:

«Կարծում եմ սակայն, որ գաղափարների ազատ շուկայում նման խնդիրների քննարկման համար պատշաճ հարթակ են հանդիսանում գիտական շրջանները և հաղորդակցման բաց ուղիները, և հուսով եմ, որ հենց այս շրջանակներում են կարգավորվելու այս խնդիրները», - նշել է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը:

«Վերջ ի վերջո, մարդիկ գալիս են իրենց եզրակացությունների, որոնք հարգանքի են արժանի, սակայն մենք պետք է խրախուսենք, որպեսզի պատմական իրադարձությունների շուրջ վարվող քննարկման ցանկացած կողմում գտնվող յուրաքանչյուր ոք մուտք գործի գաղափարների շուկա: Հավաքեք ապացույցներ, առաջադրեք փաստարկներ և պատրաստ եղեք քննարկմանը մասնակցելու՝ և սա հենց այն է, ինչ, կարծում եմ, պետք է տեղի ունենա նաև այս հարցի շուրջ», - եզրափակել է ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընը:

XS
SM
MD
LG