Մատչելի հղումներ

Ֆրանսիայի սահմանադրական դատարան. «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական է»


Ֆրանսիայի սահմանադրական դատարան. «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական է»

Ֆրանսիայի սահմանդարկան դատարանը երեքշաբթի օրը հակասահմանադրական է ճանաչել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին, որն անձամբ է սատարել այս օրինագիծը, անմիջապես արձագանքել է՝ ասելով, որ կառավարությունից պահանջելու է նախապատրաստել նոր օրինագիծ, որտեղ հաշվի կառնվի սահմանադրական դատարանի որոշումը:

Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշման համաձայն, օրինագիծը խախտում է երկրի սահմանադրությամբ ապահովվող արտահայտման և խոսքի ազատությունը:

Սահմանադրական դատարանի որոշումն արժանացել է ֆրանսիահայ կազմակերպությունների խիստ քննադատության: Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի նախագահ Ֆրանկ Մուրադ Փափազյանի կարծիքով, դատարանի որոշումն ընդունվել է Թուրքիայի կողմից գործադրված ճնշման հետևանքով:

«Դեկտեմբեր և հունվար ամիսներին ականատես եղանք Ֆրանսիայում օտարերկրյա լոբբինգի արտահայտման՝ անընդունելի ճնշման և շորթումների իրականացման, որոնք հասել են իրենց նպատակին», - ասել է Փափազյանը:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ողջունել է Ֆրանսիայի սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումը՝ ասելով, թե «ողջունում է Ֆրանսիայի իրավական բարձրագույն մարմնի կողմից կոպիտ սխալն ուղղելու հանգամանքը»:

Դավութօղլուի կողմից տարածված գրավոր հաղորդագրության մեջ ասված է, որ «Ֆրանսիան ընդունել է Թուրքիայի և Հայաստանի միջև առկա տարաձայնության վերաբերյալ արդար և գիտական հիմքեր ունեցող մի որոշում, որը նպաստելու է այս տարաձայնության լուծման, այլ ոչ թե խորացման»:

Ֆրանսիայի նախագահի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, նախագահ Սարկոզին «հասկանում է Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագիծը սատարողների հիասթափությունն ու վիշտը»՝ ասելով, որ շուտով հանդիպելու է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ֆրանսիայում բնակվում է ազգությամբ հայ մոտ 500 հազար բնակիչ, որոնցից շատերը ցանկանում են Հայոց ցեղասպանության ճանաչման իրավական մակարդակը բարձրացնել Հրեական ողջակիզման՝ Հոլոկոստի իրավական ճանաչման մակարդակին, որի ժխտման համար երկրում պատիժ է սահմանված:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվար ամսվա վերջին քվեարկել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին:

Սենատը ձայների 127՝ կողմ, 86՝ դեմ հարաբերակցությամբ ընդունել է օրինագիծ, որով նախատեսվում է մինչև մեկ տարվա ազատազրկման և մոտ 59 հազար դոլարի տուգանքի ենթարկել Հայոց ցեղասպանության փաստը «հերքող կամ վիրավորական կերպով նվազեցնող» անձանց:

Թուրքիան «մեծ անարդարություն» էր անվանել Ֆրանսիայի Սենատի կողմից օրինագծի ընդունումը՝ ասելով, որ նման գործողությամբ «անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել Թուրքիայի նկատմամբ»:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլև աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում և կլրացնի մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման առկա մեխանիզմները»:

«Ֆրանսիան վերահաստատեց իր առանցքային դերակատարությունը որպես համամարդկային արժեքների անշահախնդիր պաշտպան», - շեշտել է Նալբանդյանը՝ Հայաստանի արտգործնախարարության կայքում հրապարակված իր հայտարարությունում:

Թուրքիայի իշխանությունները սպառնացել էին մշտական պատժամիջոցներ ընդունել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու դեպքում:

XS
SM
MD
LG