Մատչելի հղումներ

«Սարկոզին կրկին շրջանառության մեջ կդնի օրինագիծը՝ մերժման դեպքում»


«Սարկոզին կրկին շրջանառության մեջ կդնի օրինագիծը՝ մերժման դեպքում»

«Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին շրջանառության մեջ անմիջապես կդնի Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող նոր օրինագիծ այն դեպքում, եթե Ֆրանսիայի դատական գերագույն մարմինը մերժի այն»:

Այդ մասին «Ֆրանս Պրես» գործակալությանը հայտնել է Ֆրանսիայի երկու նախարար, որոնք չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն մամուլում:

«Նախարարների խորհրդին նախագահը հայտնել է, որ Սահմանադրական դատարանի կողմից օրինագիծը մերժելու դեպքում ինքն անմիջապես շրջանառության մեջ կդնի նոր օրինագիծ», - ասել է նախարարներից մեկը:

Մյուս նախարարն ասել է, որ Սարկոզին քննադատության է ենթարկել նաև նախարարների խորհրդի այն անդամներին, որոնք դեմ են հանդես գալիս Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծին՝ ասելով, որ նրանք շատ անհեռատես են վարվում:

Նախագահ Սարկոզիի համաձայն, Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի մերժման դեպքում ստեղծվելու է Հրեական ողջակիզման՝ Հոլոքոստի մերժման համար պատիժ նախատեսող օրենքը կասկածի տակ դնելու վտանգը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատի մի խումբ անդամներ երեքշաբթի օրը դիմել են երկրի Սահմանադրական խորհուրդ՝ պահանջելով արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Ձախակողմյան կուսակցություններին հարող սենատորները հայտնել են, որ իրենք հավաքել են օրինագծին դեմ հանդես եկող 72 սենատորների ստորագրությունը:

Օրինագծի համապատասխանությունը երկրի սահմանադրության պահանջներին ուսումնասիրելու նպատակով այն Սահմանադրական խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար անհրաժեշտ է հավաքել 60 պատգամավորի ստորագրություն:

Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին քվեարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին:

Սենատը ձայների 127՝ կողմ, 86՝ դեմ հարաբերակցությամբ ընդունել է օրինագիծ, որով նախատեսվում է մինչև մեկ տարվա ազատազրկման և մոտ 59 հազար դոլարի տուգանքի ենթարկել Հայոց ցեղասպանության փաստը «հերքող կամ վիրավորական կերպով նվազեցնող» անձանց:

Թուրքիայի իշխանությունները սպառնացել են մշտական պատժամիջոցներ ընդունել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու դեպքում:

XS
SM
MD
LG