Մատչելի հղումներ

Էրդողանը խորհուրդ է տվել Սարկոզիին իսլամաֆոբիա չհրահրել


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզի (արխիվային լուսանկար)

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում վերընտրվելու նպատակով ռասիզմ ու իսլամաֆոբիա է հրահրում իր երկրում:

«Թըդեյզ Զաման» թուրքական պարբերականի վկայությամբ, Էրդողանն ասել է, թե ընտրություններում հաղթանակ տանելու համար այլատյացություն, մասնավորապես՝ իսլամաֆոբիա հրահրելը «շատ անպատասխանատու քայլ է»:

Ըստ Էրդողանի, Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն երկրի Սահմանադրական դատարանի կողմից Ֆրանսիայի սահմանադրությանը հակասող ճանաչելուց հետո Սարկոզին է՛լ ավելի ագրեսիվ դիրք է ընդունել:

«Սարկոզին այլատյացությունը ներքաղաքական խնդիր է դարձնում՝ հանդես գալով իր երկում բնակվող օտարերկրացիների դեմ ուղղված սպառնալիքներ պարունակող արտահայտություններով, ինչը խախտում է Եվրամիության համընդհանուր արժեքներն ու հիմնարար սկզբունքները», - ասել է Էրդողանը:

Ֆրանսիայի նախագահը երկրում անցկացված հասարակական կարծիքի հարցումների արդյունքների համաձայն առաջ է անցել Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Հոլանդից:

Հարցումների արդյունքների համաձայն, Սարկոզին կարող է հաղթանակ տանել Հոլանդի նկատմամբ ապրիլի 22-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլում: Ֆրանսիայի ներկայիս նախագահը մի քանի տոկոսով նվազեցրել է նաև մայիսի 6-ին ընտրությունների երկրորդ փուլի անցկացման դեպքում իր պարտության հնարավորությունը:

Նախագահ Սարկոզզին այս առաջընթացը կարողացել է գրանցել կիրակի օրն անցկացված հանրահավաքից հետո, որի ընթացքում խիստ քննադատության է ենթարկել Եվրոպական Միության առևտրի և ներգաղթի քաղաքականությունը:

XS
SM
MD
LG