Մատչելի հղումներ

Եգիպտոսում միջկրոնական բախումների պատճառով ձերբակալվել է 190 մարդ


Եգիպտոսում միջկրոնական բախումների պատճառով ձերբակալվել է 190 մարդ

Կահիրեի արվարձաններից մեկում տասը մարդկանց մահվան պատճառ դարձած կրոնական հողի վրա բախումների կապակցությամբ ձերբակալված 190 անձինք կանգնելու են դատարանի առջև։

Զինվորական դատարանի առջև ձերբակալվածների կանգնելու մասին հաղորդագրությունը տարածվել է երկրի նախարարների խորհրդի առավոտյան նիստից հետո, որի ընթացքում քննարկվել են նախորդ օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները։

Եգիպտոսի վարչապետ Էսամ Շարաֆը դադարեցրել է Պարսից ծոցի պետություններ կատարվելիք իր այցելությունը և հավաքել նախարարների խորհրդի հանդիպումը՝ ի պատասխան շաբաթ օրը քրիստոնյաների և մահմեդականների միջև տեղի ունեցած բախումների, որոնց ընթացքում զոհվել էր տասը, վնասվածքներ ստացել 186 մարդ։

Ականատեսների համաձայն, շաբաթ օրը մահմեդականները հավաքվել էին Կահիրեի Իմբաբա թաղամասում գտնվող ղպտիական մի եկեղեցու մոտ։ Հավաքի պատճառ են դարձել ասեկոսեները, որոնց համաձայն քրիստոնյա մի կին պահվում է եկեղեցում, որպեսզի չընդունի մահմեդականություն։ Այլ հաղորդագրությունների համաձայն, ամբոխին հայտնել են, թե իբր այս կինն արդեն ընդունել է մահմեդականություն, սակայն իրեն թույլ չեն տալիս ամուսնանալ մահմեդականի հետ։

Ամբոխն այնուհետև սկսել է նետել հրկիզվող նյութերով լցված շշեր և քարեր՝ կրակի մատնելով եկեղեցին և մոտակայքում գտնվող շինությունները։

Երկու կողմերին բաժանելու համար անվտանգության ուժերն արցունքաբեր գազ են կիրառել և օդ կրակ բացել։

XS
SM
MD
LG