Մատչելի հղումներ

Եգիպտոսում խտրականության համար նախատեսվում է պատիժ սահմանել


Եգիպտոսում խտրականության համար նախատեսվում է պատիժ սահմանել

Եգիպտոսի կառավարությունն առաջարկել է խտրականության համար պատիժ նախատեսող փոփոխություններ իրականացնել երկրի քրեական օրենսգրքում:

Փոփոխությունները նպատակ են հետապնդում դադարեցնել երկրի ղպտիական փոքրամասնության դեմ կրոնական հողի վրա իրականացվող հարձակումները:

Օրինագծով նախատեսվում է քրեականացնել խտրականության դրսևորումները՝ դարձնելով դրանք պատժելի առնվազն երեք ամսվա ազատազրկմամբ: Օրինագիծը որպես խտրականություն է սահմանում «սեռի, ծագման, լեզվի, կրոնի կամ հավատքի հողի վրա որևէ ժողովրդի կամ աղանդի դեմ ուղղված գործողություն կամ անգործություն»:

Եգիպտոսի քրեական օրենսգրքում նման փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ դրանք հաստատվեն երկրի զինուժի կողմից:

Եգիպտոսում նախատեսվում է նաև մշակել նոր օրենք, որն ուղղված կլինի միջկրոնական բախումները դադարեցնելուն, և որով նախատեսված կլինի արգելել բողոքների ցույցերի անցկացումը դավանանքի վայրերում, ինչպես նաև ատելություն հրահրելու համար կրոնական կարգախոսների օգտագործումը:

Քրիստոնյաները կազմում են Եգիպտոսի 80 միլիոնանոց բնակչության շուրջ 10 տոկոսը: Այս տարվա սկզբին նրանք միացել են մահմեդականներին՝ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության դեմ ուղղված բողոքի ցույցերի ժամանակ:

XS
SM
MD
LG