Մատչելի հղումներ

Եգիպտոսում հազարավոր ցուցարարներ բարեփոխումներ են պահանջում


Եգիպտոսում հազարավոր ցուցարարներ բարեփոխումներ են պահանջում
Եգիպտոսում հազարավոր ցուցարարներ բարեփոխումներ են պահանջում

Կահիրեի գլխավոր հրապարակում ուրբաթ օրը հավաքված հազարավոր ցուցարարներ պահանջել են վերջ տալ կրոնական հողի վրա բախումներին, շարունակել քաղաքական բարեփոխումները և օժանդակություն տրամադրել պաղեստինցիների պայքարին։

Ցույցն անց է կացվել մոտ մեկ շաբաթ առաջ մահմեդականների և քրիստոնյաների միջև տեղի ունեցած բախումներից հետո, որոնց պատճառով զոհվել էր 12 մարդ։

Որոշ ցուցարարների ձեռքում եղել են պաղեստինյան դրոշներ։ Հնչել են քաղաքական բարեփոխումների իրականացումը շարունակելու, նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կառավարության հետ կապեր ունեցող անձանց պատասխանատվության ենթարկելու կոչեր ։

Այս ընթացքում Եգիպտոսում կոռուպցիայի հետաքննությունն իրականացնող քննիչները, պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, կարգադրել են 15 օրով ձերբակալել Հոսնի Մուբարաքի կնոջը՝ Սյուզան Մուբարաքին։

«MENA» պետական լրատվական գործակալության համաձայն, այս հրամանն արձակվել է զույգին Շարմ էլ-Շեյխում երեք ժամ հարցաքննելուց հետո։ Եգիպտոսի պաշտոնատար անձանց համաձայն, Սյուզան Մուբարաքը տեղափոխվելու է Կահիրեի մոտակայքում գտնվող բանտերից մեկը։

Մուբարաքների զույգը համաձայնել է նաև բացահայտել Եգիպտոսում և աշխարհի այլ երկրներում իրենց ունեցած բանկային հաշիվների մասին տեղեկություններ։

Կոռուպցիայի հետաքննության շրջանակներում Կահիրեի բանտերում են պահվում նաև Մուբարաքի որդիներ Գամալն ու Ալաան։

XS
SM
MD
LG