Մատչելի հղումներ

Եգիպտոսի դատարանը կազմալուծել է Մուբարաքի կուսակցությունը


Եգիպտոսի դատարանը կազմալուծել է Մուբարաքի կուսակցությունը

Եգիպտոսի դատարանը նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կուսակցությունը կազմալուծելու և դրան պատկանող միջոցները բռնագրավելու մասին որոշում է կայացրել։

Որոշումը հրապարակվել է շաբաթ օրը՝ իրագործելով Մուբարաքին ընդդեմ հանդես եկող ուժերի հիմնական պահանջներից մեկը։

«Ազգային ժողովրդավարական կուսակցությունը» տասնյակ տարիների ընթացքում եղել է Եգիպտոսի քաղաքական իշխող ուժը։ Կուսակցությունը հիմնադրվել էր նախկին նախագահ Անվար Սադաթի կողմից 1970-ական թվականների վերջին։

Մուբարաքի ընդդիմախոսները հաճախ քննադատել են կուսակցությանը` նախկին նախագահի իշխանությունն ամրապնդելու և պետական եկամուտները շորթելու մեջ։

Նախկին նախագահն այժմ կոռուպցիայի լայնածավալ հետաքննության թիրախ է դարձել։ Անցյալ հինգշաբթի օրը հետաքննության ժամանակ Մուբարաքն իրեն վատ էր զգացել և տեղափոխվել հիվանդանոց, սակայն Եգիպտոսի պետական լրատվամիջոցների համաձայն, նա արդեն ապաքինվում է, և Շարմ էլ-Շեյխի հիվանդանոցից տեղափոխվելու է զինվորական հիվանդանոց կամ բանտ։

Մուբարաքը հերքում է կոռուպցիայի և իշխանության չարաշահման մասին իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները։

XS
SM
MD
LG