Եգիպտոսում տոնում են Մուբարաքի հրաժարականի առաջին շաբաթը

Եգիպտոսում տոնում են Մուբարաքի հրաժարականի առաջին շաբաթը

Եգիպտոսում ժողովրդավարության տասնյակ հազարավոր կողմնակիցներ ուրբաթ օրը հավաքվել են Կահիրեի Թահրիր հրապարակում` նշելու Հոսնի Մուբարաքի հրաժարականի առաջին շաբաթը:

Մահմեդական հայտնի հոգևորականներից մեկը, Յուսուֆ ալ-Քարադավին, կոչ է արել Եգիպտոսի զինված ուժերին կատարել ժողովրդի կամքը և «նոր դեմքեր» բերել Մուբարաքի նախկին կառավարություն, որի կազմում մինչ օրս ընդգրկված են Մուբարաքի նախկին որոշ դաշնակիցներ:

Հոգևորականը նաև կոչ է արել Եգիպտոսի ժողովրդին համբերատար երկրի նոր ղեկավարության նկատմամբ:

Եգիպտոսի քաղաքական ապագան դեռևս անորոշ է: Երկրի ժամանակավոր կառավարության համաձայն, նախագահական ընտրություններն անցկացվելու են գալիք վեց ամսվա ընթացքում:

Թահրիր հրապարակում, որտեղ 18 օր ընթանում էին Մուբարաքի հրաժարականը պահանջող բողոքի ցույցեր, հավաքված մարդկանց տրամադրությունը տոնական է: Հրապարակում, այնուամենայնիվ, ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցներ:

Եգիպտոսի իշխանությունները հինգշաբթի օրը ձերբակալել են երկրի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ էլ-Ադլիին, որին շատերը մեղադրում են ոստիկանության հատուկ ուժերի կողմից բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ գործադրված բռնություններ թույլ տալու մեջ:

Ձերբակալվել են նաև Եգիպտոսի զբոսաշրջության նախկին նախարար Զուհայր Գարանան, բնակարանաշինության նախկին նախարար Ահմեդ էլ-Մաղրաբին, ինչպես նաև Մուբարաքի դաշնակից, գործարար Ահմեդ Էզը:

Ձերբակալվածները մեղադրվում են փողերի լվացման, իշխանության չարաշահման և պետության ունեցվածքի հափշտակման մեջ: