Աշխարհի պետությունների ղեկավարները՝ Օսամա Բին Լադենի մահվան շուրջ

Աշխարհի պետությունների ղեկավարները՝ Օսամա Բին Լադենի մահվան շուրջ

Արձագանքելով բին Լադենի մահվան մասին լուրերին` Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ասել է, որ Պակիստանում բին Լադենի ոչնչացումն ապացուցել է Քաբուլի այն դիրքորոշումը, որի համաձայն ահաբեկչության արմատներն Աֆղանստանում չեն գտնվում, և հորդորել է Աֆղանստանի թալիբներին դադարեցնել պայքարը։

Հնդկաստանի ներքին գործերի նախարարը մտահոգություն է հայտնել, որ «ահաբեկիչներն ապահով ապաստան են գտել Պակիստանում»։

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ողջունել է բին Լադենի ոչնչացման մասին լուրերը՝ ահաբեկչության դեմ պայքարի գործում կարևորագույն քայլ անվանելով դրանք։

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը, որի պաշտոնավարման ժամանակ էին կատարվել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները, «պատմական ձեռքբերում» է անվանել բին Լադենի ոչնչացման մասին լուրերը։

Բին Լադենի մահվան մասին լուրը «չափազանց կարևոր» է անվանել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթընը։

Հայաստանի կառավարությունը բին Լադենի մահվան լուրերի կապակցությամբ դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չի եկել:

Բին Լադենի մահվան մասին լուրերը նշելու համար Միացյալ Նահանգներում մարդիկ ինքնաբուխ հավաքներ են կազմակերպել Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտակայքում, Նյու Յորքի Թայմս հրապարակում և «զրոյական կետում»։

Սպիտակ տան մոտ հավաքված, տոնական բարձր տրամադրություն ունեցող ամերիկացիներն անցյալ գիշեր երգում էին ազգային օրհներգը և ԱՄՆ-ի դրոշներ փակցնում ծառերին և սյուններին։