Մատչելի հղումներ

Պենտագոն. «ԱՄՆ-ը գտնելու և ոչնչացնելու է «ալ-Քաիդա»-ի նոր առաջնորդին


Պենտագոն. «ԱՄՆ-ը գտնելու և ոչնչացնելու է «ալ-Քաիդա»-ի նոր առաջնորդին
Պենտագոն. «ԱՄՆ-ը գտնելու և ոչնչացնելու է «ալ-Քաիդա»-ի նոր առաջնորդին

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց համաձայն, ԱՄՆ-ի զինված ուժերը գտնելու և ոչնչացնելու են «ալ-Քաիդա»-ի նոր առաջնորդին, որը կարժանանա նույն ճակատագրին, ինչին արժանացավ Օսամա բին Լադենը։

Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Պենտագոնում մամուլի հետ հանդիպման ընթացքում հայտնել է լրագրողներին, որ Այման ալ-Զավահրին, որպես ահաբեկչական այս կազմակերպության նոր առաջնորդ, բազմաթիվ դժվարությունների կհանդիպի՝ հավելելով, որ նա, ի տարբերություն բին Լադենի, չունի վերջինիս «խարիզմատիկ հատկությունները»։

Գեյթսի համաձայն, բին Լադենի նախկին տեղակալ ալ-Զավահրին չունի նաև իր նախկին վերադասի գործնական փորձը։

««Ալ-Քաիդա»-ի կողմից տարածված հայտարարությունը հիշեցնում է, որ, չնայած բին Լադենի և մի շարք այլոց ոչնչացմամբ պայմանավորված ծանր կորուստներին, «ալ-Քաիդա»-ն փորձում է հավերժացնել ինքն իրեն՝ ջանալով սպանվածներին գտնել փոխարինողներ և հավատարիմ մնալով բին Լադենի կողմից նախանշված օրակարգին» - ասել է Գեյթսը։

Մամուլի հանդիպմանը Գեյթսի հետ միասին մասնակցել է ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարական անձնակազմի ղեկավար ծովակալ Մայք Մյուլլենը, որը նույնպես ասել է, թե Միացյալ Նահանգերը ոչնչացնելու է «ալ-Քաիդա»-ի նոր առաջնորդին։

«Նա և նրա կազմակերպությունը դեռևս սպառնում են մեզ», - ասել է Մյուլլենը՝ հավելելով. «մեզ հաջողվել է գտնել և ոչնչացնել բին Լադենին, և, անկասկած, նույնը սպասվում է ալ-Զավահրիին»։

Բին Լադենի ոչնչացումից ի վեր Պակիստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները մնում են չափազանց լարված, և ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշ անդամներ հարցականի տակ են դնում Վաշինգտոնի կողմից Իսլամաբադին ամեն տարի միլիարդավոր դոլարներ կազմող օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը։

Նախարար Գեյթսի համաձայն, ԱՄՆ-ի համար Պակիստանը կարևոր դաշնակից է մնում, և երկու պետությունների միջև «հաղորդակցման գծերը պետք է բաց մնան»։

«Փոխադարձ հարաբերությունների պահպանումն անհրաժեշտ է ոչ միայն Աֆղանստանի ենթատեքստում», - ասել է նա։ - «Պակիստանը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանային կայունության ապահովման առումով, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում, և կարծում եմ, որ պարզապես անհրաժեշտ է աշխատել այս հարաբերությունների բարելավման ուղղությամբ»։

Ծովակալ Մյուլլենը, որը, ինչպես և Գեյթսը, բազմիցս այցելել է Պակիստան, ասել է, որ Հարավային Ասիայի ահաբեկչական կազմակերպությունները փորձում են ձեռք բերել Իսլամաբադի միջուկային տեխնոլոգիաները։

«Իմ մտահոգությունն է առաջացնում այն հանգամանքը, որ ապագայում այս տեխնոլոգիաները կարող են տարածվել և ընկնել ահաբեկիչների ձեռքը, և դա չի կարող չանհանգստացնել մեր երկրին, ինչպես նաև աշխարհի այլ պետությունների»։

Սպասվում է, որ մամուլի հետ այս հանդիպումը վերջինը կլինի Գեյթսի համար՝ Պենտագոնի ղեկավարի պաշտոնը չորս ու կես տարի զբաղեցնելուց հետո։

Նախագահ Բարաք Օբաման երկրի պաշտպանության հաջորդ նախարար է նշանակել ԿՀՎ-ի ներկայիս տնօրեն Լեոն Փանետային։

Նմանատիպ

XS
SM
MD
LG