Մատչելի հղումներ

Աֆղանստանի նախագահն այցելել է Պակիստան


Աֆղանստանի նախագահն այցելել է Պակիստան

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, «ալ-Քաիդա»-ի առաջնորդ Օսամա բին Լադենին ոչնչացնելուց հետո առաջին անգամ է այցելել Պակիստան:

Սպասվում է, որ Պակիստանի ղեկավարների հետ Քարազայի բանակցությունների ընթացքում քննարկվելու է այն օժանդակությունը, որը կարող է ցուցաբերել այս երկիրը` թալիբների հետ խաղաղություն հաստատելուն ուղղված Աֆղանստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերին:

Աֆղանստանի ղեկավարն Իսլամաբադում ուրբաթ օրը հանդիպել է Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի հետ: Իր երկօրյա այցի ընթացքում Քարզայը հանդիպելու է նաև խաղաղության համատեղ հանձնաժողովի անդամներին:

Աֆղանստանի և Պակիստանի հարաբերությունները մնում են լարված` երկու պետությունների միջև ստեղծված անվստահության պատճառով: Նախագահ Քարզայը բազմիցս հորդորել է Պակիստանին առավել մեծ ջանքեր գործադրել` Աֆղանստանի սահմանամերձ շրջանում զինյալների դեմ պայքարելու ուղղությամբ, իսկ բին Լադենին ոչնչացնելուց հետո Քարզայը հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով, որ ահաբեկչության դեմ պայքարը պետք է ուժեղացնել Պակիստանում, այլ ոչ` Աֆղանստանում:

Միացյալ Նահանգները նախկինում նույնպես հորդորել է Պակիստանին աջակցություն ցուցաբերել Աֆղանստանին`թալիբների հետ հաշտեցման գործում:

Պակիստանը այն երեք պետություններից էր, որոնք 1990-ական թվականներին ճանաչել էին թալիբների կառավարությունը: Որոշ կարծիքների համաձայն` Պակիստանի հետախուզական գործակալության անդամները պահպանում են կապերը թալիբների և Աֆղանստանում գործող զինյալ այլ խմբավորումների հետ:

XS
SM
MD
LG