Մատչելի հղումներ

ՄԱԿ. «Բնակչության աճն առաջացնելու է ջրի պակասորդ»


ՄԱԿ. «Բնակչության աճն առաջացնելու է ջրի պակասորդ»

ՄԱԿ-ի կողմից հրապարակված նոր զեկույցում կոչ է արվում բարելավել ջրային և սննդի պաշարների կառավարումը՝ աշխարհում բնակչության թվի աճի պատճառով բնական պաշարների նկատմամբ պահանջարկի ավելացման խնդիրը կարգավորելու նպատակով:

Միավորված ազգերի կազմակերպության կողմից երկուշաբթի օրը հրապարակված զեկույցի համաձայն, աշխարհում ավելի քան 1,5 միլիարդ մարդ ապրում է այնպիսի տարածքներում, որտեղ նկատվում է ջրի պակասորդ: Զեկույցի համաձայն, մինչև 2050 թվականը աշխարհի բնակչության թիվը ներկայիս յոթ միլիարդից ինը միլիարդի հասնելու դեպքում աշխարհում ջրի և սննդի պակասորդ են զգալու ավելի մեծ թվով մարդիկ:

Զեկույցում նշվել է, որ կլիմայի փոփոխության պատճառով անձրևի տեսքով տեղումների բաշխման և ուժգնության փոփոխության հետևանքով գնալով առաջանալու է ջրի և սննդի էլ ավելի մեծ պակասորդ: Գիտնականների գնահատականների համաձայն, միայն Աֆրիկայում մինչև այս դարի ավարտը գյուղատնտեսության արտադրանքի ծավալը կարող է նվազել 15-ից 30 տոկոսով:

Գիտնականների վկայությամբ, աշխարհում սնունդ արտադրող հիմնական տարածաշրջաններում, ներառյալ Չինաստանի հյուսիսային հովիտներում, Հնդկաստանի Փունջաբում և Միացյալ Նահանգների արևմուտքում ջրօգտագործումն արդեն «հասել և գերազանցել է» առավելագույն սահմանները:

Զեկույցի հեղինակները կոչ են անում նորարարական մոտեցումներ կիրառել գյուղատնտեսության ոլորտում՝ ավելի մեծ բերք ստանալու և շրջակա միջավայրին պակաս վնաս հասցնելու նպատակով: Նրանք խորհուրդ են տալիս նաև ջանքեր գործադրել՝ նվազեցնելու սննդի շղթայում ներկայումս առկա կորուստներն ու վատնումը և խելացի եղանակով իրականացնել բնական պաշարների, մասնավորապես ջրի, կառավարումը:

Զեկույցում ներկայացվում են ֆերմերների կրթությունը բարելավելու, շրջակա միջավայրի պահպանմանը նպաստող գործելակերպի կիրառման համար կառավարության կողմից հատկացվող խթաններ կիրառելու, սակավ կամ ոչ կանոնավոր տեղումների պայմանների համար նախատեսված կուլտուրաների մշակման, ջրօգտագործման արդյունավետ եղանակների կիրառման մասին առաջարկություններ: Որոշ երկրների համար առաջարկվում է նաև կառուցել ջրամբարներ՝ գյուղացիներին չոր ժամանակաշրջանը վերապրելու հնարավորություն ընձեռելու նպատակով:

XS
SM
MD
LG