Մատչելի հղումներ

 
Թուրքիայի իշխանությունները հետաքննում են քրդերի կողմից ինքնավարության հռչակումը

Թուրքիայի իշխանությունները հետաքննում են քրդերի կողմից ինքնավարության հռչակումը


Քուրդ ցուցարարները Ստամբուլում (արխիվային լուսանկար)
Քուրդ ցուցարարները Ստամբուլում (արխիվային լուսանկար)

Թուրքիայի իշխանությունները մեկնարկել են երկրի հարավ-արևելքում քրդական կազմակերպություններից մեկի կողմից «ժողովրդավարական ինքնավարության» հռչակման հանգամանքի հետաքննությունը:

«Ժողովրդավարական ինքնավարության» հռչակման հայտարարությամբ հինգշաբթի օրը Դիարբեքիր հարավարևելյան նահանգում հանդես է եկել «Ժողովրդավարական հասարակության կոնգրես» կուսակցությունը, որին անդամակցում են քրդամետ քաղաքական գործիչներ ու ակտիվիստներ:

Թուրքիայի դատախազները նախատեսում են մեղադրանքներ ներկայացնել կուսակցության որոշ առաջնորդներին:

Այս հռչակագրի մասին հայտարարությամբ կուսակցությունը հանդես է եկել Թուրքիայի իշխանությունների և քուրդ փոքրամասնության միջև ստեղծված լարվածությունից հետո: Լարվածության սաստկացման պատճառ է դարձել երկրում հինգշաբթի օրը Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկների հետ տեղի ունեցած բախումները, որոնց պատճառով զոհվել է 13 զինծառայող և Քրդստանի աշխատավորական կուսակցության յոթ անդամ:

Միացյալ Նահանգները քննադատել են քրդական այդ կազմակերպության կողմից իրականացված հարձակումը, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Քլինթընի Թուրքիա կատարվող այցի ընթացքում:

Այս իրադարձությունները հրահրել են Թուրքիայում հակաքրդական բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները այս գիշեր կրակի են մատնել Անկարայում գտնվող քրդական կուսակցությունների մեկի գրասենյակը:

Թուրքիայի խորհրդարան ընտրված քուրդ 36 օրենսդիրներ հրաժարվել են պաշտոն ստանձնելու երդում ընդունելուց` բողոքելով իրենց յոթ գործընկերներին բանտում թողնելու և մասին դատարանի որոշման դեմ:

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը 1984 թվականից պայքարում է Թուրքիայի հարավ-արևմուտքում անկախ պետություն ստեղծելու համար: Թուրքիայի ուժերի և ապստամբների միջև պայքարի զոհ է գնացել առնվազն 40 հազար մարդ:

XS
SM
MD
LG