Մատչելի հղումներ

Թուրքիայի դատարանը տուգանքի որոշում կայացրեց Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի նկատմամբ


Թուրքիայի դատարանը տուգանքի որոշում կայացրեց Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի նկատմամբ

2005 թվականին «Թուրքիայում 30 հազար քուրդ և մեկ միլիոն հայ է սպանվել» արտահայտության համար Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկին թուրքական 6 հազար լիրա (մոտ 3,9 հազար դոլար) կազմող գումարով տուգանելու մասին։ Դատարանի այս որոշումը Փամուկը կարող է բողոքարկել 15 օրվա ընթացքում։

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, թուրք ճանաչված գրողի նկատմամբ 2005 թվականին դատական գործ է հարուցել հինգ մարդ։ Դատարան դիմածների թվում են «Էրգենեկոն» կազմակերպության գործով դատապարտված, նախկինում Իրավաբանների միությունը գլխավորող իրավաբան Քեմալ Քերինջսիզը, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում զոհված հինգ զինծառայողների ազգակիցներ, որոնք Փամուկին մեղադրել են «թուրք ժողովրդի բոլոր ներկայացուցիչներին մեղադրելու» մեջ։ Ստամբուլի Շիշլիի շրջանի դատարանը նախկինում հրաժարվել էր գործը վարույթ ընդունելուց, քանի որ, դատարանի համաձայն, «հայցվորները թուրք ազգի պարզապես անհատ ներկայացուցիչներ են», ինչի պատճառով անհնար էր սահմանել անձի իրավունքերի որևէ խախտում։

Քերինջսիզն այնուհետև բողոքարկել է գործը Թուրքիայի վերաքննիչ բարձագույն դատարան, որը որոշում է կայացրել ստորադաս դատարանի որոշումը կասեցնելու մասին և գործը հետ է ուղարկել Շիշլիի դատարան՝ վերաքննության։ Դատարանը սակայն չի ցանկացել կատարել գործի վերաքննությունը, և այն ուղարկվել է Թուրքիայի վերաքննիչ բարձագույն դատարանի ընդհանուր հանձնաժողովի քննությանը։ 2009 թվականին Հանձնաժողովը որոշում է ընդունել, որը պարտավորեցրել է դատարանին վերաքննության ընդունել այս գործը։

Ստամբուլի Շիշլիի շրջանի դատարանը վերանայել է գործը և որոշում ընդունել, որ Փամուկը պետք է փոխհատուցում վճարի հայցվորներին։ «Սրանով կայացվել է վերջնական որոշում առ այն, որ անհատներն իրավունք ունեն նյութական փոխհատուցման մասին հայցեր ներկայացնել դատարան։ Դատարանի այս որոշումը նախադեպ կարող է դառնալ նման այլ գործերի համար», - ասել է իրավաբան-փորձագետ Էրսան Շենը՝ հավելելով, որ դատարանի որոշմամբ այս և նման այլ գործերով հայց ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մեկից մինչև ութ տարի։

XS
SM
MD
LG