Մատչելի հղումներ

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհվածների թիվն աճում է


Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհվածների թիվն աճում է
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհվածների թիվն աճում է

Թուրքիայում փրկարարները երեքշաբթի օրը շարունակել են շենքերի փլատակների տակից ազատել կենդանի մնացած մարդկանց:

Երկրի պաշտոնատար անձանց համաձայն, երկրաշարժի պատճառով զոհվածների թիվն այժմ կազմում է 366, վնասվածքներ ստացածների` առնվազն 1 300 մարդ, և սպասվում է, որ այս թիվը գնալով կաճի:

Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի համաձայն, Թուրքիայում գործող կազմակերպության մասնաճյուղն աշխատում է երկրաշարժից փրկվածներին օգնություն հասցնելու և փլատակների տակ դեռևս գտնվող մարդկանց ազատելու ուղղությամբ:

Կազմակերպության համաձայն, բնակչությանն արդեն իսկ բաշխվել է ավելի քան 7 500 վրան, 22 000 վերմակ և վառարան, ինչպես նաև սնունդ և խմելու ջուր:

Թուրքիայի պաշտոնատար անձանց վկայությամբ, երկրաշարժն ամենաուժեղ վնասներ է հասցրել Վան քաղաքից 90 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Էրջիս քաղաքին:

Աշխարհի պետությունների առաջնորդներն իրենց ցավակցությունն են հայտնել Թուրքիայի ժողովրդին և օգնություն ցուցաբերելու առաջարկով են հանդես եկել:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Միացյալ Նահանգներն այս դժվար ժամանակներում «ուս ուսի կանգնած կլինեն Թուրքիայի հետ»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի 24-ին անցկացվող բանակցությունների ընդմիջմանը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ: Երկու երկրների ղեկավարներն անկեղծ ցավակցության խոսքեր և աջակցություն են հայտնել Թուրքիայի նախագահին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը:

Նախագահ Գյուլը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ցուցաբերած համերաշխության համար:

XS
SM
MD
LG