Թուրքիան ընդունել է օտարերկրյա պետությունների օգնությունը, որը, երկրում տեղի ունեցած 7.2 ուժգնությամբ երկրաշարժից հետո, այն նախկինում մերժել է:
«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Իսրայելի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Թուրքիան, չնայած երկու պետությունների միջև լարված հարաբերությունների, դիմել է Իսրայելին՝ օգնություն տրամադրելու խնդրանքով:
Իսրայելն արդեն իսկ արձագանքել է օգնություն տրամադրելու Թուրքիայի խնդրանքին՝ քաղաքացիական ինքնաթիռի միջոցով առաքելով տնակներ:
Իսրայելի իշխանությունները չեն մեկնաբանել, արդյոք օգնությունը քաղաքացիական ինքնաթիռով ուղարկելու որոշումը կայացվել է՝ Իսրայելի նկատմամբ Թուրքիայի կողմից կիրառվող սահմանափակումների պատճառով:
Ճապոնիան երկրաշարժից տուժածներին ուղարկելու է 400 հազար դոլարի օգնություն և վրաններ, իսկ Մակեդոնիան ուղարկելու է 100 հազար եվրո կազմող դրամական օգնություն:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ երկրաշարժի պատճառով զոհվածների թիվը աճել է և այժմ կազմում է 432, իսկ վնասվածքներ ստացածների՝ 1 352 մարդ:
Թուրքիայի պաշտոնատար անձանց համաձայն, երկրաշարժն ամենաուժեղ վնասներ է հասցրել Վան քաղաքից 90 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Էրջիս քաղաքին:
Աշխարհի պետությունների առաջնորդներն իրենց ցավակցությունն են հայտնել Թուրքիայի ժողովրդին:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Միացյալ Նահանգներն այս դժվար ժամանակներում «ուս ուսի կանգնած կլինեն Թուրքիայի հետ»:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի 24-ին անցկացվող բանակցությունների ընդմիջմանը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ: Երկու երկրների ղեկավարներն անկեղծ ցավակցության խոսքեր և աջակցություն են հայտնել Թուրքիայի նախագահին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: